
ԱՐԳԵԼՎԵԼ Է ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆԱ «ԶՎԱՐԹՆՈՑԻ» VIP ՍՐԱՀՈՒՄ Է
168․am-ի աղբյուրների համաձայն, Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի մուտքը ՀՀ խոչընդոտում են։ Մեր տեղեկություններով, ռուսաստանահայ գործիչն այսօր ժամանել է Հայաստան, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են նրա մուտքը Հայաստան։
«Արդեն 2 ժամ է, ինչ նա «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահում է։ Նրա հետ Հայաստան է ժամանել մեծ պատվիրակություն՝ կազմված ռուս և ամերիկացի գործարարներից, որոնք բոլորը մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն, իսկ Աբրահամյանը՝ ոչ»,- ասաց մեր աղբյուրը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք նման որոշումները ամենևին նորություն չեն։
ՀՀ այս իշխանությունները նման միջոցի են դիմել մի շարք ռուս գործիչների նկատմամբ, ինչպիսին է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր մարգարիտա Սիմոնյանը, ինչպես նաև ռուսահայ վերլուծաբան Անդրանիկ Միհրանյանը։ Ավելի վաղ արգելվել էր նաև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան, սակայն վերջինիս մուտքի արգելքը վերացվեց դատական կարգով վերջինիս ջանքերի արդյունքում։
Այսքանով ցանկը չի սահմանափակվում, արգելվել էր նաև ՀՅԴ մի շարք սփյուռքահայ գործիչների մուտքը Հայաստանի Հանրապետություն։