ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՀՈՒԶՈՒՄՆԵՐ ԳՅԱՆՋԱՅՈՒՄ
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդման համաձայն՝ 2018թ. հուլիսի 10-ին, ժամը մոտ 20։00-ին, «արմատական կրոնական ուղղվածության մի խումբ՝ 150-200 մարդուց բաղկացած, որը հավաքվել էր Գյանջա քաղաքի գործադիր իշխանության վարչական շենքի առջև, փորձում էր հանրահավաք անցկացնել ի պաշտպանություն Յունիս Սաֆարովի», որը մահափորձ էր կազմակերպել Գյանջայի գործադիր իշխանության ղեկավար Էլմար Վելիևի դեմ, ինչպես նաև ի պաշտպանություն 11 քաղաքացիների, որոնք ավելի վաղ կալանվել էին այդ գործով։ Այս մասին համատեղ հայտարարություն են տարածել Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, Ներքին գործերի նախարարությունը և Պետական անվտանգության ծառայությունը։
Ադրբեջանի Հանրապետության ՆԳՆ ներկայացուցիչների տեղեկացմամբ՝ «հանրահավաքի մասնակիցներն օգտագործել են իրենց հետ բերած ծակող-կտրող և բութ առարկաներ, ինչպես նաև դիմադրություն են ցուցաբերել իրավակարգի պահապաններին»։ Ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում ձերբակալվել և Գյանջայի ոստիկանության գլխավոր վարչություն է բերվել 40 մարդ։ Բողոքի գործողությունը ճնշելու ժամանակ սպանվել է ոստիկանության երկու սպա՝ ոստիկանության գնդապետ Ի.Բալաքիշիևը և Նիզամու շրջանի ոստիկանական վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ-լեյտենանտ Ս.Աբասովը։
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին, ժամը 20։30-ին, Գյանջայի գործադիր իշխանության վարչական շենքի առջև զինված հարձակում էր իրականացվել քաղաքի գործադիր իշխանության ղեկավար Էլմար Վելիևի դեմ։ Հանցագործությունը կատարած Յունիս Սաֆարովը (1983թ. ծնվ.) անմիջապես ձերբակալվել և զինաթափ է արվել ոստիկանության աշխատակիցների կողմից, որոնք գտնվելիս են եղել միջադեպի վայրում։ Նրա հանդեպ հարուցվել է քրեական գործ ԱՀ Քրեական օրենսգրքի 29, 120.2.7 (երկու և ավելի անձանց դեմ մահափորձ) և 228 (ապօրինի հրազենի կրում) հոդվածներով։ Գյանջա քաղաքի գործադիր իշխանության ղեկավար Է.Վելիևի դեմ մահափորձի առնչությամբ Ադրբեջանի Հանրապետության տարբեր քաղաքների 11 բնակչի հանդեպ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Փաստի առիթով իրականացվող միջոցառումները գտնվում են Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի անձնական վերահսկողության ներքո։
