• am
  • ru
  • en
Версия для печати
30.05.2018

ԹՈՒՐՔԻԱՆ ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՀՐԱՆՈԹՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՂ ՍԱԿԱՎԱԹԻՎ ԵՐԿՐՆԵՐԻՑ Է

Թուրքիայի ռազմարդյունաբերությունը ջանք չի խնայում՝ երկրի զինված ուժերին սեփական արտադրության գերժամանակակից զինատեսակներով ապահովելու համար։ Մասնավորապես ակտիվ աշխատանքներ են տարվում սեփական արտադրության էլեկտրամագնիսական ռելսային հրանոթների կատարելագործման ուղղությամբ, որոնք ապագայում կարող են փոխարինել հրազենային զինատեսակներին:

Ներկայումս լայնորեն կիրառվող ավանդական զինատեսակներն ու պաշտպանական համակարգերը քիմիական էներգիայի հաշվին արձակվող փամփուշտների, մարտագլխիկի, արկերի կամ հրթիռների միջոցով թիրախը խոցելիս ունենում են այրող, պայթեցնող կամ ոչնչացնող ազդեցություն։ Իսկ էլեկտրամագնիսական հրանոթի դեպքում օգտագործվում է վառոդի կամ էլեկտրաէներգիայի միջոցով ստացվող հրման ուժը, որի արդյունքում գնդակն արձակվում է գերձայնային արագությամբ:

Թուրքիան էլեկտրամագնիսական հրանոթների նախագծի վրա սկսել է աշխատել 2013թ, երբ մասնավոր սեկտորում փորձ արվեց տեղական հնարավորություններով ստեղծել այդ զենքի նախատիպը։ Ժամանակի ընթացքում նախագիծը զգալիորեն կատարելագործվեց, և մինչ օրս ավելի քան 1000 բարեհաջող փորձարկում է կատարվել։ Թուրքական արտադրության էլեկտրամագնիսական հրանոթների հզորությունը հասցվել է 1 մեգաջոուլի։

Թուրքիայի ռազմարդյունաբերությունը ապագայի զինատեսակներ համարվող էլեկտրամագնիսական հրանոթների և լազերային համակարգերի մշակման ու կատարելագործման աշխատանքների համար մեծ ներդրումներ է կատարում՝ ձգտելով հնարավորինս արագ դրանցով համալրել զինված ուժերի զինանոցը։

Ռազմարդյունաբերության ոլորտում նման զենքի մշակման վրա բացի Թուրքիայից աշխատում են խիստ սահմանափակ թվով երկրներ՝ Միացյալ Նահանգները, Անգլիան, Չինաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը։ Այս երկրների շուրջ 150 գիտահետազոտական կենտրոններում էլեկտրամագնիսական հրանոթների նախագծի վրա վերջին 20 տարում աշխատել է մոտ 5․000 մասնագետ, իսկ այդ ոլորտում կատարվել է շուրջ 5 մլրդ դոլարի ներդրում։

https://www.ermenihaber.am/am/news/2018/05/25