• am
  • ru
  • en
Версия для печати
22.05.2018

ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

21.05.2018

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 21-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը կայացել է ընդլայնված կազմով:

Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ հարաբերությունները վերջին տարիներին համատեղ ջանքերի շնորհիվ որակական նոր մակարդակի են հասել: ԱԺ նախագահը բարձր է գնահատել միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանների արդյունավետ համագործակցությունը:

Խորհրդարանի ղեկավարի խոսքով` երկկողմ ամուր հարաբերությունները պայմանավորված են պատմամշակութային, հոգեւոր եւ արժեհամակարգային ընդհանրություններով:

Ըստ Արա Բաբլոյանի` այս այցը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու մեծ հնարավորություն է, ինչն իր հերթին կնպաստի բարեկամ երկրների միջխորհրդարանական եւ միջպետական հարաբերությունների առավել խորացմանն ու զարգացմանը:

ՀՀ խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաեւ Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը` հույս հայտնելով, որ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հնարավորինս սեղմ ժամկետում կվավերացնի փաստաթուղթը:

Խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին` Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը եւ Կիպրոսը մշտապես սատարել են միմյանց դիրքորոշումները` Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Կիպրոսի խնդրի կարգավորման հարցերում: «Թեեւ մեր առջեւ դրված են տարբեր խնդիրներ, սակայն կարգավորման առումով մոտեցումը նույնն է` առանց ուժի կիրառման, բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա»,- ասել է Արա Բաբլոյանը:

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Կիպրոսն ու Հայաստանն ընդհանրություններ շատ ունեն եւ հաշվի առնելով այդ հանգամանքը` կարելի է առավել խորացնել ու զարգացնել հարաբերությունները բոլոր ոլորտներում:

Դեմետրիս Սիլուրիսն առաջարկել է ստեղծել խորհրդարանական համագործակցության եռակողմ ձեւաչափ` Կիպրոս-Հայաստան-Հունաստան: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կարեւորել է հնչած առաջարկը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին` Դեմետրիս Սիլուրիսը վերահաստատել է, որ Կիպրոսի Հանրապետությունը աջակցում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում եւ միջազգային տարբեր հարթակներում մշտապես աջակցել եւ աջակցելու է Հայաստանին:

Հանդիպմանը կողմերը կարեւորել են Կիպրոսի հայ համայնքի դերակատարությունը` նշելով, որ հայերը Կիպրոսի հասարակության լիիրավ անդամներ են եւ մեծ դեր ունեն պետության զարգացման գործում:

Հայաստանի եւ Կիպրոսի պատգամավորները, անդրադառնալով գիտակրթական, մշակութային, տնտեսության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում հետագա զարգացման հնարավորություններին, ընդգծել են, որ առկա մեծ ներուժ կա:

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում:

Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանն ու Դեմետրիս Սիլուրիսը եղեւնի են տնկել ՀՀ Ազգային ժողովի այգում` ի նշան երկու ժողովուրդների հարատեւ բարեկամության, որից հետո լրատվամիջոցների համար հանդես են եկել համատեղ հայտարարությամբ :

http://parliament.am/news.php?cat_id=2&NewsID=10307&year=2018&month=05&day=21&lang=arm



Руский

English