• am
  • ru
  • en
Версия для печати
14.05.2018

ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ $100 ՄԼՆ Է ՆԵՐԴՆՈՒՄ ԳԵՆԵՏԻԿ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՀԱՄԱՐ

Տեխնոլոգիան կարող է օգտագործվել դողէրոցք (մալյարիա) փոխանցող մոծակների կամ վնասակար այլ միջատների ոչնչացման համար, բայց ՄԱԿ փորձագետներն ասում են, որ երկյուղները դրա հնարավոր ռազմական կիրառության և անսպասելի հետևանքների հետ կապված՝ ծանրակշիռ են դարձնում դրա արգելքի օգտին խոսող փաստարկները։

Արթուր Նեսլեն

Ամերիկյան ռազմական գործակալությունը $100 մլն է ներդնում գենետիկ ոչնչացման տեխնոլոգիայի համար, որը կարող է վերացնել դողէրոցքի մոծակներին, կրծողներին կամ այլ առանձնյակների. այս մասին է վկայում էլեկտրոնային նամակագրությունը, որը հրապարակվել է տեղեկատվության ազատ իրավունքի կանոններին համապատասխան։

Այդ փաստաթղթերը ցույց են տալիս, որ ԱՄՆ պաշտպանական հետազոտական առաջավոր նախագծերի գաղտնի գործակալությունը (Darpa) դարձել է «գենային դրայվի» խոշոր հովանավոր, ինչը մեծացնում է լարվածությունը Մոնրեալում ՄԱԿ փորձագիտական կոմիտեի հանդիպումից առաջ։

Կենսաբանական բազմազանության մասին (ԿԲԲ) ՄԱԿ կոնվենցիան բանավեճի առարկա է դարձրել այն հարցը, թե արժե արդյոք գալիք տարի գենետիկ հետազոտությունների մորատորիում մտցնել, քանի որ որոշ հարավային երկրներ երկյուղում են դրա հնարավոր ռազմական կիրառության առնչությամբ։

ՄԱԿ դիվանագետները հաստատել են, որ էլեկտրոնային նամակագրության նոր հրապարակումը խորացնում է գենային դրայվների «վատ համբավը» որոշ շրջանակներում։ «Շատ երկրներ կանհանգստանան, եթե այդ տեխնոլոգիայի աղբյուրը լինի Darpa-ն՝ ամերիկյան ռազմական գիտական այդ գործակալությունը»,- ասել է մի դիվանագետ։

Գենետիկ ոչնչացման տեխնոլոգիաների օգտագործումը որպես կենսաբանական զենք մղձավանջ է առաջացնում, բայց հայտնի հետազոտությունները թիրախավորված են վնասատուների դեմ պայքարի և դրանց ոչնչացման վրա։

Գենային ինժեներիայի այնպիսի նորագույն միջոցներ, ինչպիսին է Crispr-Cas9-ը, աշխատում են սինթետիկ ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) օգտագործման միջոցով, որպեսզի ներս խցկվեն ԴՆԹ շղթա և հետո դրա մեջ ներդնեն, փոխեն կամ հեռացնեն հետաքրքրող բնութագրերը։ Այդ միջոցները կարող են, օրինակ, փոխել մոծակների սեռերի հարաբերությունը, որպեսզի փաստորեն վերացնեն մալյարիայի պոպուլյացիաները։

Սակայն ՄԱԿ որոշ փորձագետներ մտահոգված են չկանխամտածված հետևանքներով։ Նրանցից մեկը «Գարդիանին» ասել է. «Դուք, գուցե, կկարողանաք ազատվել վիրուսներից կամ մոծակների ողջ պոպուլյացիայից, բայց դա կարող է նաև էկոլոգիական հետևանքներ ունենալ այն տեսակների համար, որոնք կախված են դրանցից»։

«Իմ գլխավոր մտահոգությունը,- ասել է նա,- այն է, որ մենք մի ինչ-որ անդառնալի բան կարող ենք անել շրջակա միջավայրի հետ, չնայած մեր բարի նպատակներին, մինչև որ կհասկանանք, թե ինչպես է աշխատում այդ տեխնոլոգիան»։

Էլեկտրոնային նամակագրությունն ստացած ETC խմբի համատնօրեն Ջիմ Թոմասը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականների ազդեցությունը էլ ավելի կամրապնդի արգելքի օգտին վկայող փաստարկները։ «Մի շարք պոպուլյացիաների փոփոխության և վերացման երկակի նշանակության բնույթը սպառնալիք է ինչպես սննդանվտանգությանը, այնպես էլ էկոհամակարգերին»,- ասել է նա։ «Գենային դրայվի ֆինանսավորման ռազմականացումը կարող է նույնիսկ հակասել բնական միջավայրի վրա ազդեցության տեխնոլոգիաների ռազմական կամ ցանկացած այլ՝ թշնամական օգտագործման արգելքի մասին կոնվենցիային»։

Թոդ Քուիքենը, որն աշխատել է GBIRd ծրագրով և $6,4 մլն է ստացել Darpa-ից, ասել է, որ ամերիկյան բանակի գլխավոր դերը գենային ինժեներիայի ֆինանսավորման գործում նշանակում է, որ «իրենց հետազոտությունների համար գրանտներից կախված հետազոտողները կարող են վերակողմնորոշել իրենց նախագծերը, որպեսզի դրանք համապատասխանեցնեն այդ ռազմական գործակալությունների նեղ նպատակներին»։

2008-2014թթ. ընթացքում ԱՄՆ կառավարությունը մոտ $820 մլն է ծախսել սինթետիկ կենսաբանության վրա։ 2012-ից այդ միջոցների մեծ մասը ստացվել է Darpa-ից և զինվորական այլ գործակալություններից, ասել է Քուիքենը։

Էլեկտրոնային նամակում, որում տեղեկացվում էր ԱՄՆ բանակի կողմից հունիսին կազմակերպված կոնֆերանսի մասին, ԱՄՆ կառավարության կենսաբանը նշել էր, որ Darpa-ի կենսատեխնոլոգիայի ծրագրի կառավարիչ Ռենե Վեգրզինհադն ասել է, որ «պաշտպանված գեների նախագծերի վրա ծախսվել է $65 մլն, բայց հետո, մնացած ողջ օժանդակության հաշվառմամբ, այն կազմել է $100 մլն»։

Darpa-ի ներկայացուցիչն ասել է, որ այդ թիվը «պայմանական գնահատական է», որը ներառում է այդ հանդիպման մասնակից այն հետազոտողներին, ովքեր ֆինանսավորվել են Darpa գործակալության կողմից այդ գործունեության շրջանակներում։

«Darpa-ն գենոմի խմբագրման ոլորտի հետազոտությունների միակ հովանավորը չէ և չպետք է միակ հովանավորը լինի, բայց պաշտպանության նախարարության համար խիստ կարևոր է պաշտպանել իր զինծառայողներին և պահպանել ռազմական պատրաստակամությունը»,- ասել է նա։

Darpa գործակալությունը կարծում է, որ գենոմի խմբագրման արժեքի սրընթաց կրճատումը ավելի մեծ հնարավորություններ է ստեղծում թշնամական կամ չվերահսկվող կառույցների համար՝ փորձարկումներ կատարել այս տեխնոլոգիայով։

«Ցածր արժեքի և հասանելիության բարձր մակարդակի միասնությունը նշանակում է, որ գենոմի խմբագրման ինչպես դրական, այնպես էլ բացասական կիրառումները կարող են հայտնվել այն մարդկանց կամ պետությունների ձեռքում, որոնք հեռու են ավանդական գիտական շրջանակներից և միջազգային նորմերից»,- ասել է պաշտոնյան։ «Darpa-ի վրա է դրված այդ հետազոտություններն անցկացնելու և տեխնոլոգիաներ մշակելու պարտականությունը, որոնք կարող են պաշտպանել դրանց պատահական և միտումնավոր, ոչ ճիշտ կիրառումից»։

Գենային դրայվի հետազոտությունների հիմնադիրներից է Լոնդոնի Կայսերական քոլեջի պրոֆեսոր Անդրեա Քրիսանթին, որը հաստատել է, որ Darpa գործակալությունն իրեն ներգրավել է $2,5 մլն-ի պայմանագրով՝ այդպիսի դրայվները գտնելու և դրանք բլոկավորելու համար։

Երկյուղները, թե նման հետազոտությունները կարող են ուղղվել կենսաբանական զենքի ստեղծմանը, «մտացածին» են, ասել է նա։ «Այդ տեխնոլոգիան ոչ մի կերպ չի կարող օգտագործվել որևէ ռազմական նպատակի համար։ Ընդհանուր հետաքրքրությունն այն է, որպեսզի մշակվեն գենային դրայվների կողմնակի էֆեկտների սահմանափակման համակարգեր։ Մեզ երբեք չեն խնդրել դիտարկել ցանկացած կիրառության հնարավորություն, որը չի բխի համաճարակի վերացման նպատակից»։

Հետաքրքրությունն այս տեխնոլոգիայի հանդեպ ամերիկյան ռազմական գործակալություններում խիստ աճել է այն բանից հետո, երբ ռազմական գիտնականների «Ջեյսոն» էլիտար խմբի գաղտնի զեկույցն անցյալ տարի «մեծ հետաքրքրություն առաջացրեց ԱՄՆ կառավարության տարբեր գործակալությունների շրջանակում»,- ասվում է «Ջեյսոն» հետազոտական խմբի համանախագահ Ջերալդ Ջոյսի էլեկտրոնային նամակում։

«Ջեյսոնի» երկրորդ զեկույցը պատվիրվել է 2017թ.՝ «այդ տեխնոլոգիայի պոտենցիալ սպառնալիքների» վերլուծության համար, եթե այն գտնվում է հակառակորդի ձեռքում, վերլուծելու համար տեխնիկական այն խոչընդոտները, որոնք պետք է հաղթահարել գենային դրայվի տեխնոլոգիայի մշակման և այն «բնության մեջ» օգտագործելու համար»,- գրել է Ջոյսը։

Այդ զեկույցը չի հրապարակվել, բայց «լայնորեն տարածվել է ամերիկյան հետախուզական և ազգային անվտանգության ավելի լայն հանրույթներում», ասվում է նրա էլեկտրոնային նամակում։

http://perevodika.ru/articles/1196060.html



Руский