ՉԻՆԱՍՏԱՆԸ ՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐ Է ՏԵՂԱԴՐԵԼ ՎԻՃԵԼԻ ԿՂԶԻՆԵՐՈՒՄ
Չինաստանի իշխանությունները հրթիռային համալիրներ են տեղադրել Հարավչինական ծովի կղզիներում։ Այս մասին տեղեկացնում է CNBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով համապատասխան աղբյուրներին։
ԶԼՄ տեղեկատվության համաձայն՝ սպառազինությունը վերջին 30 օրվա ընթացքում հասցվել է Նանշա (անգլերեն անվանումը՝ Սպարտլի) կղզիներ, որոնց նկատմամբ հավակնություն ունի վեց երկիր։ Նշվում է, որ նշված հրթիռային համալիրները թույլ կտան Չինաստանին հարվածներ հասցնել նավերին 295 ծովային մղոն (մոտ 546 կիլոմետր) շառավղով։ «Երկիր-երկիր» դասի հրթիռների գործողության հեռահարությունը 160 ծովային մղոն է (296 կմ)։
Պենտագոնի ներկայացուցչի խոսքերով՝ ԱՄՆ-ը կանոնավորապես հորդորել է Չինաստանին և այլ երկրների հրաժարվել վիճելի տարածքների յուրացումից։ Միացյալ Նահանգները նշել է, որ տարածքի ռազմականացումը կհանգեցնի լարվածության աճի պետությունների միջև։
Հարավչինական ծովի մի շարք կղզիներ վեճի առարկա են հանդիսանում Չինաստանի, Թայվանի, Մալայզիայի, Ֆիլիպինների, Բրունեյի և Վիետնամի միջև։ Լարվածությունն ամենամեծն է Սկարբորոյի խութի և Սպարտլի արխիպելագի (վերջինը հարուստ է նավթով ու գազով) հարցում։
Հաագայի իրավարար դատարանը 2016թ. հուլիսին վճիռ է կայացրել, որ Պեկինը վիճելի տարածքների հանդեպ իրավունք չունի։ Սակայն երկրում այդ որոշման հետ համաձայն չեն և հայտարարել են, որ կղզիները վաղուց հանդիսանում են Չինաստանի անքակտելի մասը։ Բացի այդ, Պեկինը պնդում է, որ դատարանն առհասարակ իրավասու չէ դիտարկելու տարածքային վեճերը։
https://lenta.ru/news/2018/05/03/china/
