• am
  • ru
  • en
Версия для печати
28.03.2018

ԹՈՒՐՔԻԱՆ ՀՈՐԱՏՈՂ ՆԱՎ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ԿԻՊՐՈՍԻ ԱՓԱՄԵՐՁ ԳԱԶԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ

Թուրքիայի իշխանությունները որոշել են հորատող նավ ուղարկել, որը գազի որոնողական աշխատանքներ կիրականացնի Կիպրոսի ափամերձ տարածքում, տեղեկացնում է The Guardian-ը։ Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այդպիսով Անկարան պաշտպանում է կիպրացի թուրքերի իրավունքները և չի հանդուրժի, որ դրանք խախտվեն այն ժամանակ, երբ իր երկիրը մասնակցում է թեժ կետերի, այդ թվում և Սիրիայի, հակամարտություններին։

Փետրվարին Թուրքիան Կիպրոսի ափամերձ հատված ուղարկեց ռազմանավեր, որպեսզի արգելափակի իտալական Eni ընկերության հետախուզական հորատումները, որոնք իրականացվում էին Կիպրոսի Հանրապետության կառավարության պատվերով։ Թուրքական իշխանությունների կարծիքով՝ հորատումը վնասում է չճանաչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության բնակիչների շահերին։

Թուրքական նավերը «բռնել» են Saipem 12000 հորատող նավը Կաթլֆիշի ճանապարհին, որտեղ այն պատրաստվում էր գազի հորատանցքի հետախուզում անցկացնել։ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն այն ժամանակ կոչ էր արել թուրքական կողմին դադարեցնել շրջափակումը և վերսկսել բանակցությունները կղզու վերամիավորման շուրջ, բայց Անկարան չանսաց նրա կոչին։

«Հույս ունեմ, որ սա ուսանելի եղավ նրանց համար, ովքեր գործելու հնարավորություն էին տեսնում միակողմանի կարգով, երբ Թուրքիան զբաղվում է հակաահաբեկչական գործողություններով այլ վայրերում»,- ասել է Էրդողանը մարտի 19-ին՝ մեկնաբանելով Eni-ի հետ կապված միջադեպը։ Նա հավելել է, որ Անկարան առաջիկայում սեփական հորատման սարքեր կբերի Կիպրոսի ափամերձ շրջան։

Կիպրոսցի թուրքերը կարծում են, որ կղզու բնական պաշարների հանդեպ նույնպիսի իրավունքներ ունեն, ինչպես և մյուս բնակիչները։ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը հավակնում է կղզու ողջ բացառիկ տնտեսական գոտուն։ Թուրքիան նաև հավաստիացնում է, որ բացառիկ տնտեսական գոտու հանդեպ իրավունք ունի, քանի որ այն հանդիսանում է երկրի մայրցամաքային ափամերձ հատվածի մի մասը։ Անաստասիադիսը կիպրոսցի թուրքերի հավակնություններն անհիմն է համարում։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ երկրաբանահետախուզական Deepsea Metro II նավը Թուրքիայում տեխնիկական պատրաստություն է անցնում և մարտին կուղևորվի տարածաշրջան։

Նոր գազահանքի յուրացումը կարող է փոխել աշխարհաքաղաքական դասավորությունը տարածաշրջանի էներգետիկ ոլորտում և նվազեցնել Եվրոպայի ու Թուրքիայի կախվածությունը ռուսական գազից, նշվում է հոդվածում։

Կիպրոսի կառավարության մամլո ծառայության ղեկավար Պրոդրոմոս Պրոդրոմուն The Guardian-ին ասել է, որ երկրի մոտեցումը խնդրին այն է, որպեսզի պահպանվի հանդարտություն և շարունակվի բնական հարստությունների յուրացման ծրագիրը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ իշխանությունները չեն կարող համաձայնել Թուրքիայի միջամտության հետ, որը խախտում է իր բնական հարստություններն օգտագործելու Կիպրոսի սուվերեն իրավունքը։

Փորձագետները խոշոր ճգնաժամ են կանխատեսում արևելյան Միջերկրածովում, քանի որ Թուրքիան լի է վճռականությամբ՝ թույլ չտալ, որ օգտագործվեն նավթագազային պաշարներն առանց կիպրոսցի թուրքերի համաձայնության և մասնակցության։

Անցած ամռանը խափանվեցին Կիպրոսի թշնամական կողմերի հաշտեցմանն ուղղված բանակցությունները։ Հույս էր հայտնվում, որ ածխաջրածինների հանքավայրի յուրացման հեռանկարը կօգնի վերսկսել բանակցությունները։ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը կոչ արեց Թուրքիային և կիպրոսցի թուրքերին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, եթե նրանք դադարեցնեն խախտել հանրապետության իրավունքները նրա բացառիկ տնտեսական գոտում։ Կողմերը կոչն անտեսեցին։ Ինչպես ցույց են տալիս վերջին իրադարձությունները, գազահանքի բաժանումը կարող է ծայրաստիճան սրել առանց այդ էլ բարդ իրավիճակը տարածաշրջանում։

Մարտի սկզբին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կիպրոսցի թուրքերի ինքնահռչակ պետության վարչապետ Թուֆան Էրհուրմանի հետ համատեղ մամուլի ասուլիսում խոստացել էր պատասխանել Կիպրոսի կառավարության «սադրիչ գործողություններին» ափամերձ հատվածում։

Ավելի մանրամասն տե՛ս՝ https://www.newsru.com/world/22mar2018/turkey.html



Руский

English