ԱՄՆ ՀՈՒՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՍԵՆԱՏՈՐՆԵՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ F-35-Ի ՎԱՃԱՌՔԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Posted on February. 14. 2018
Ամերիկայի հելլենական խորհուրդը (HALC) և ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) քարոզարշավ են նախաձեռնել՝ հորդորելով ԱՄՆ Սենատի անդամներին չեղարկել աստիճանաբար ավելի անհետևողական ու հակաամերիկյան կեցվածք դրսևորող Էրդողանի վարչակազմին ԱՄՆ-ի կողմից F-35 կործանիչներ վաճառելու ծրագրված գործարքը:
Հայ և հույն համայնքների այս համատեղ նախաձեռնությունը, որը ANCA-HALC միացյալ քարոզարշավների շարքում առավել նորադեպ միջոցառումն է, ԱՄՆ սենատորներին զգուշացնում է Էրդողանին ժամանակակից զինատեսակների վաճառքի վտանգների մասին, քանի որ նա կարող է դրանք կիրառել Հունաստանի, Կիպրոսի, Իսրայելի և Հայաստանի, գուցե անգամ ԱՄՆ զինուժի դեմ: Քարոզարշավում նաև մտահոգություն է բարձրացվում այն մասին, որ Թուրքիան կարող է F-35-ի գաղտնի տեխնոլոգիաները փոխանցել ԱՄՆ հակառակորդներին, մասնավորապես` Իրանին և Ռուսաստանին։
Այս հարցի շուրջ Ձեր սենատորներին կապվելու համար այցելեք http://anca.org/NoJetsForTurkey կայքէջը, որտեղ ANCA-ի արագ միացման համակարգի միջոցով կարելի է անմիջականորեն կապ հաստատել նրանց գրասենյակների հետ։
Անցյալ տարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա կատարված հարձակումից հետո ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Դևիդ Սիսիլինը (Դեմ. կուս., Ռոդ Այլենդ) առաջարկություն ներկայացրեց «Ազգային պաշտպանության լիազորման մասին» օրենքի նախագծում փոփոխություն կատարելու մասին, որը թույլ կտար չեղարկել F-35 կործանիչների վաճառքի գործարքը։ Թեև պալատի Կանոնների հանձնաժողովը թույլ չտվեց, որ Սիսիլինի առաջարկությունը լիարժեք քննարկման արժանանա Ներկայացուցիչների պալատում, ներկայացուցիչ Դևիդ Թրոթին (Հանրապ. կուս., Միչիգան) հաջողվեց անցկացնել Թուրքիային կիսավտոմատ ինքնաձիգերի վաճառքը կասեցնելու որոշումը։
F-35-ը հինգերորդ սերնդի բազմանպատակ, դժվար հայտնաբերվող ռազմական ինքնաթիռ է, որը կարող է իրականացնել ցամաքային թիրախների ոչնչացման և օդային գերակայության հաստատման լայնատիրույթ գործողություններ։ Անկարան այս ռեակտիվ ինքնաթիռների առաջին խմբաքանակը պատվիրել է 2014թ.՝ նպատակ հետապնդելով 2018-2022թթ. ժամանակահատվածում ձեռք բերել 120 այդպիսի կործանիչ։ Միացյալ Թագավորության, Կանադայի, Դանիայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Իտալիայի և Ավստրալիայի հետ միասին Թուրքիան հանդիսանում է այս կործանիչների համատեղ մշակման աշխատանքների ծրագրի մասնակից։ Ծրագիրը ԱՄՆ-ին թույլ է տվել նվազեցնել իր ծախսերը՝ միևնույն ժամանակ մյուս մասնակիցներին ընձեռելով ամերիկյան խիստ գաղտնի աերոտիեզերական տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորություն։ ԱՄՆ Կոնգրեսի Գիտահետազոտական ծառայության հաղորդմամբ, Թուրքիան ցանկանում է իր ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները փոխարինել նոր ձեռք բերվող F-35-երով։
