ԻՆՉԻ՞Ն Է ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵԼ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ
Սեպտեմբերի 23-ին Նյու-Յորքում Մինսկի խմբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը: Հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարարության մամլո խոսնակը հայտարարեց, թե նախարարը՝ Էլմար Մամեդյարովը, հավանություն է տվել Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների առաջ քաշած որոշ նոր առաջարկություններին: Սակայն Ադրբեջանի արտաքին գերատեսչության խոսնակը չի նշել, թե հատկապես որ առաջարկություններն են արժանացել Մամեդյարովի հավանությանը: Ինչի մասին կարող է խոսքը լինել: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ դժվարացավ ենթադրել, թե ինչ կետերի մասին կարող է խոսքը լինել. «Սակայն մեկ բան ակնհայտ է, որ այս հանդիպումների ժամանակ ուրվագծվում են բոլոր սկզբնական քայլերի հնարավորությունները` պոտենցիալ հնարավորությունները: Երեւի թե սա այն մթնոլորտն է, որը որոշ չափով նշել է Մամեդյարովը: Ըստ ամենայնի, պետք է որ մի փոքր ավելի գործնական երանգ ունենար այս հանդիպումը: Միայն սա կարող եմ ասել, բնականորեն չիմանալով, թե ինչի մասին կարող էր խոսք լինել եւ ինչ նկատի ունեն ադրբեջանցիները»:
ՍիվիլՆեթի քաղաքական մեկնաբան, քաղաքագետ ԴԵՐԵՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ խոսքով` ինֆորմացիայի պակասի պատճառով դժվար է հստակ ասել, թե ինչի մասին է խոսքը. «Բայց եթե Մինսկի խմբի կողմից առաջ քաշած կետերը վերջերս ամերիկացի արդեն նախկին համանախագահի կողմից հրապարակված վեցկետանոց փաստաթուղթն է, ապա կարելի է ենթադրել, թե որոնք կարող են լինել այն առաջարկությունները, որոնց հավանությանն է արժանացրել Ադրբեջանի արտգործնախարարը: Օրինակ, դա կարող է լինել ազատագրված տարածքների վերադարձ, ինչը Ադրբեջանի համար շատ ընդունելի Է: Բայց մեզ համար ամենակարեւորն է՝ իմանալ, թե որ կետերը չի ընդունել Ադրբեջանը, քանի որ հայկական կողմը պնդում է, որ փաստաթղթում ամրագրված է Արցախի կարգավիճակի հարցը: Հետաքրքիր է՝ այս կետն Ադրբեջանի կողմից ընդունվո՞ւմ է, թե` ոչ: Հիմնականը սա է, թե չէ կարելի է ենթադրել՝ տարածքների հետ կապված Ադրբեջանն ինչ տրամադրություն ունի: Կարծում եմ` մեր արտգործնախարարությունը չխախտելով դիվանագիտական բանակցությունների գաղտնիությունը, կարող է ակնարկներով հասկացնել, թե որ կետերն է ընդունելի Ադրբեջանի կողմից»:
Ադրբեջանագետ ԱՇՈՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ նույնպես նկատեց, որ առկա տեղեկատվությունը շատ սուղ է, որպեսզի դառնա մեկնաբանությունների առարկա. «Այդ մասին խոսում է միայն ադրբեջանական կողմը, այդ պատճառով էլ պետք չէ այդքան ուշադրություն դարձնել եւ մեկնաբանել»:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ