ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱԿՏԻՎ ԿՈՒՏԱԿՈՒՄԸ ԼԻՈՎԻՆ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ. ՓՈՐՁԱԳԵՏ
Նախիջևանն այսօր գտնվում է ռազմական տեխնիկայի և սպառազինության կուտակման ակտիվ փուլում, սակայն հայկական կողմը կարողանում է համապարփակ քայլերի ձեռնարկման միջոցով հակազդել այդ գործընթացին:
Այս մասին օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանը:
Ըստ նրա` 2016 թվականին տեղի ունեցած ապրիլյան պատերազմից հետո այդ տարածքում ռազմական կուտակումները որոշակի մտահոգությունների պատճառ են դարձել:
«Հայաստանի անվտանգության տեսանկյունից մտահոգիչ է Նախիջևանում նոր ռազմական գնդի բացումը, որի բացման արարողությանը անձամբ ներկա է եղել Ալիևը, ինչպես նաև շուրջ 300-350 միավոր ռազմական տեխնիկայի, այդ թվում զրահամեքենաների, հրթիռային համակարգերի և հրետանու կուտակումները»,- նշեց Կ. Վերանյանը` հավելելով, որ խնդիրը միակողմանի ռազմականացմամբ չի ավարտվում։
Բանախոսի համոզմամբ` իրավիճակը վերահսկելի է`նախ և առաջ հաշվի առնելով Հայաստանի բավականին մարտունակ Հակաօդային պաշտպանության ( ՀՕՊ) համակարգերի առկայությունը։
Այս համատեքստում Կ. Վերանյանը ևս երկու փաստ արձանագրեց, մասնավորապես, վերջին տարիներին ռուսական կողմի հետ ստորագրված պայմանագիրը միացյալ ՀՕՊ համակարգ ստեղծելու մասին, ինչը վավերացվել է երկու երկրների խորհրդարանների կողմից, և երկրորդ` հայ-ռուսական միացյալ զորամիավորում ստեղծելու պայմանագիրը, որը ևս կարևորագույն կանխարգելիչ նշանակություն ունի:
Փորձագետի պնդմամբ` վերոնշյալ պայմանագրերը բարձրացնում են ոչ միայն Հայաստանի ՀՕՊ համակարգի արդյունավետությունը, այլև տարածաշրջանային տեսանկյունից հանդիսանում են կայունության և անվտանգության զսպող գործոն։
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Թուրքիայի` Նախիջևանում թուրքական ռազմաբազա բացելու հետ կապված նպատկաները կարդարանան, Կ. Վերանյանն ընդգծեց, որ այդ մասին խոսակցությունները սահմանափակվել են տեղեկատվական դաշտում և մոտակա տարիներին այդպես էլ շարունակվելու է:
Նրա կարծիքով` պետք է հաշվի առնել 20-րդ դարում կնքված պայմանագրերը, որոնք թույլ չեն տալիս ուղղակի ռազմաբազա տեղակայել Նախիջևանում, քանի որ այն գտնվում է Թուրքիայի և Ռուսաստանի ընդհանուր դիտարկման համատեքստում և միակողմանիորեն խախտել հավասարակշռությունը գրեթե անհնար է:
Ինչ վերաբերում է փորձագիտական շրջանակներում քննարկվող Իրանի կողմից Նախիջևան զորք մտցնելու հարցին, ապա Կ. Վերանյանը շեշտեց, որ դա զուտ քարոզչական բնույթ է կրում, քանի որ որևէ հիմնավորում, գործընթաց կամ միտում չկա նման զարգացումներ կանխատեսելու համար:
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»