ՀՈԳԼԱՆԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
Վերջերս Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի ներկայացրած հայտնի կետերը մինչեւ օրս մնում են քննարկումների կիզակետում: Հոգլանդը, ինչպես նրա այդ ելույթից անմիջապես հետո էլ էինք ասելու առիթ ունեցել, ոչ միայն նոր բան չասաց, այլ՝ ներկայացրեց տասնամյա վաղեմության հնություն: Այլ հարց է, թե պաշտոնին հրաժեշտ տվող ամերիկացի համանախագահն ինչո՞ւ որոշեց այդ մասին խոսել:
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ կարծիքով` ամերիկացի համանախագահները երբեւէ խիստ շահագրգռված չեն եղել արցախյան խնդիրների լուծմամբ. «Ներկայումս էլ օրինակ է բերվում, թե Հոգլանդին հաջորդող համանախագահը լավ մասնագետ է, զբաղվել է Կիպրոսի խնդրով: Մինչդեռ փաստն այն է, որ այդ խնդրով այդպես էլ որեւէ առաջխաղացում չեղավ: Այնպես որ, այս ամենը դիվանագիտական միջոցներ են, որոնք ուղղված են փոքր ինչ բարդացնելու, խճճելու խնդիրները, ինչը մշտապես ասել ենք: Մենք ունենք «կարմիր գիծ», որը Արցախի ինքնորոշման իրավունքն է, որը ռեալ կա: Եթե մենք տեսնում ենք, թե մեր արեւմտյան գործընկերները որքան արագ էին գործում Կոսովոյի խնդրում, ապա մեզ փոքր ինչ զարմանալի է, որ արդեն 30 տարի է, ինչ Արցախն ինքնուրույն պետություն է, սակայն բանակցային գործընթացում առաջընթաց չկա: Կարելի է համարել, որ ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան պատերազմ: Բայց միեւնույնն է, տարբեր ձեւաչափերով անցկացված արցախյան բանակցությունները թույլ են տալիս ասելու, որ գործը նույն տեղում է»: