ԴԵՍՊԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ Է ՍՈՉԻՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՍԱՐԳՍՅԱՆ-ՊՈՒՏԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԵՏ
Օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը իր հարցազրույցներից մեկում կասկածի տակ էր դրել Հայաստանի Հանրապետության ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորություններին եւ ընդգծել, որ ԱՄՆ-ն կշարունակի Հայաստանի գործիքներ տալ` ինքնիշխան որոշումներ կայացնելու համար:
«Իրավունքի» հետ զրույցում «Նորավանք» գիտակրթական կենտրոնի Քաղաքական հետազոտությունների ղեկավար, ավագ փորձագետ ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆՆ անդրադառնալով դեսպանի կողմից հնչեցրած կարծիքին, նկատեց, որ Ռիչարդ Միլսի արտահայտած կարծիքը զուտ քաղաքական ենթատեքստ ուներ: Բացի այդ, դիվանագետի հնչեցրած մոտեցումը խոշոր հաշվով հարկավոր է դիտարկել միջազգային հարթությունում եւ հարավկովկասյան ուղղությամբ ռուս -ամերիկյան հարաբերություններում առկա հակասությունների խորացման համատեքստում. «ԱՄՆ դեսպանն առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս նման հայտարարություններով: Դիվանագետի կողմից վերջին հայտարարությունը ուղղակիորեն վերաբերում է Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության ընդլայնմանը եւ արտահայտում է ամերիկյան կողմի դժգոհությունը մասնավորաբար հայ-ռուսական համագործակցության զարգացման հարցում: Ամերիկյան կողմի համար հարցն ակտուալանում է Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցների սահմանման հնարավորության տեսանկյունից` փորձելով թուլացնել Ռուսաստանի միջազգային եւ տարածաշրջանային տնտեսական եւ քաղաքական կշիռը: Մյուս կողմից, Միլսի հայտարարությունը փոխկապակցված է Սոչիում կայացած Սարգսյան-Պուտին հանդիպման, ինչպես նաեւ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից արցախյան հիմնախնդրի կարգավորման «հիմնական կետերի» հրապարակման հետ: Նկատենք, որ «հիմնական կետերը», ըստ էության, ելնում էին ավելի շուտ ադրբեջանական կողմի շահերից: Թե՛ Հոգլանդի, թե՛ Միլսի իրարահաջորդ հայտարարությունները խոսում են Հայաստանի նկատմամբ Վաշինգտոնի ճնշումների կիրառման մասին: Ամերիկյան կողմը խնդիրը դիտարկում է սեպտեմբերի կեսերին Նյու Յորքում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ կայանալիք հերթական հանդիպման նախաշեմին արցախյան հիմնախնդրի հարցում թուլացնելու ռուսական ազդեցությունը եւ Հայաստանի հայացքը դեպի Վաշինգտոն ուղղելու համատեքստում»,-փաստեց Կ. Վերանյանը եւ կարծիք հայտնեց, որ նման հայտարարությունները, որոնք վերաբերում են Հայաստանի սուվերենությանը, միմիայն հակադարձ ազդեցություն կարող են ունենալ. «Մասնավորապես արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում ներկայում առաջնակարգ նշանակություն ունի հստակ իրավաքաղաքական պատժամիջոցների սահմանումը հակամարտության ագրեսիվ կողմի նկատմամբ: Սա պաշտոնական դիրքորոշման այն ցանկալի տարբերակն է, որ կարելի է եւ պետք է ակնկալել Վաշինգտոնից»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ