ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՍՏԱՄԲՈՒԼԻ ՍԲ. ՍՈՖԻԱ ՏԱՃԱՐՈՒՄ ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
Հունաստանի արտգործնախարարությունը քննադատել է Թուրքիայի կրոնական ներկայացուցիչների կողմից Ստամբուլի Այա Սոֆիայում (Սուրբ Սոֆիայի տաճար) մուսուլմանական Ռամադան ամսի «նախախնամության գիշեր» կոչվող արարողության անցկացման համար:
«Դատապարտում ենք Սբ. Սոֆիայի տաճարում Թուրքիայի Կրոնական գործերի նախարարի մասնակցությամբ արարողության անցկացումը, որի ընթացքում Ղուրան է կարդացվել, նամազ է արվել և այդ ամենը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ»,-ասվում է Հունաստանի արտաքին գործերի նախարարության կողմից արված հայտարարության մեջ:
Արտգործնախարարության մեջ մասնավորապես ասվում է նաև, որ Սբ. Սոֆիայի տաճարը հանդիսանում է UNESCO-ի մշակութային ժառանգություններից մեկը: Այն մզկիթ վերածելու փորձը` մասնավորապես Ղուրան ընթերցումը, վիրավորում է միջազգային քրիստոնյա հանրությանը:
Վերջինիս կոչ է արվել, որ տեղի ունեցածի կապակցությամբ համապատասխան գնահատական տա:
«Թուրքիային կոչ ենք անում, որ ցուցաբերի ժամանակակից և ժողովրդավար երկրին հարիր վերաբերմունք և պահպանի ոչ միայն Այա Սոֆիայի էկումենիկ խորհուրդը, այլև հարգանք ցուցաբերի համաշխարհային հուշարձանների նկատմամբ»,-հավելվել է հայտարարության մեջ:
Սբ. Սոֆիան բյուզանդական կայսրության գլխավոր քրիստոնեական տաճարն է եղել և հանդիսացել է Կ.Պոլսի պատրիարքի նստավայրը: Բյուզանդիայի մայրաքաղաքի գրավումից հետո ծառայել է որպես մզկիթ, ներկայումս`թանգարան է: Իր ներկա տեսքով կառուցվել է 532-537թթ. Հուստինիանոս I կայսեր նախաձեռնությամբ` ճարտարապետներ Իսիդոր Միլեթացու և Անթիմիոս Թրալացու կողմից:
«Հայաստան», ԹԻՎ 971 ՀՈՒԼԻՍԻ 03 2017