«ԱՆԱԼԻՏԻԿ ԽՈՐՀՈՒՐԴ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՏԱՎՈՐ ՎԵՐՆԱԽԱՎԸ ԿԱՋԱԿՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ
Խորհրդարանում այսօր կայացավ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծված «Անալիտիկ խորհուրդ»-ի աշխատանքային խմբի փորձագետների առաջին հանդիպումը:
Հիշեցնենք, որ հանձնաժողովի հունիսի 12-ի նիստում որոշում է կայացվել փորձագիտական և հետազոտական վերլուծական աջակցություն ցուցաբերելու համար «Անալիտիկ խորհուրդ» անվանմամբ աշխատանքային խումբ ստեղծել:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասաց, որ աշխատանքային խմբի նպատակն է՝ փորձագիտական, ակադեմիական, հետազոտական հանրույթի կողմից աջակցություն տրամադրել խորհրդարանական դիվանագիտությանը:
«Հիմնական նպատակն է լինելու օգնել ԱԺ մարմիններին, որպեսզի հանձնաժողովի միջոցով ստանան հնարավորինս արդիական և ժամանակակից տեղեկություններ ակադեմիական-փորձագիտական ոլորտից, որոնք կարող են կիրառվել խորհրդարանական դիվանագիտության այս կամ այն հարթության մեջ», - ասաց Արմեն Աշոտյանը:
Նա հայտնեց, որ խորհուրդը գործելու է երկու ձևով՝ ընթացիկ և պլանավորված: Ընթացիկ աշխատանքները ենթադրում են որոշակի լսումներ, թեմատիկ քննարկումներ, իսկ օպերատիվ աշխատանքը ենթադրում է քննարկել տվյալ պահին առկա դիվանագիտական մարտահրավերները:
«Այս երկու բաղադրիչների համադրմամբ ենք պատկերացնում աշխատանքի կազմակերպումը»,- հավելեց նա:
Արմեն Աշոտյանի խոսքերով՝ այս փորձագիտական խորհուրդն ունենալու է իր առանձին աշխատակարգը:
«Իհարկե չենք ուզում, որ մտավոր գործունեությունը չափից ավելի բյուրոկրատիզացված լինի, բայց, այդուհանդերձ, որոշակի հաշվետվողականության ձևաչափ պետք է ունենա»,- ընդգծեց հանձնաժողովի նախագահը:
Ըստ Արմեն Աշոտյանի՝ իրենք խնդրել են, որ աշխատանքային առաջին նիստին մասնակցեն տարբեր քաղաքական հայացքներ, քաղաքական աշխարհայացք ունեցող մարդիկ, տարբեր դպրոցների ներկայացուցիչներ, որպեսզի միավորեն Հայաստանի քաղաքական մտավոր այն վերնախավին, որն աշխատում է արտաքին քաղաքական ոլորտներում, որը կարող է իր մտավոր գործունեությամբ, ընթացիկ վերլուծություններով աջակցել խորհրդարանական դիվանագիտությանը:
«Հայաստանի Հանրապետությունում ձևավորված փորձագիտական հանրույթը բավականին մեր ներուժ ունի, հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս, շատերի փորձագիտական վերլուծությունները տպագրվում են արտերկրում, բոլորը հրավիրյալ դասախոսներ են ատերկրում, մասնակցում են տարբեր գիտական, քաղաքական կոնֆերանսների: Ուստի կարծում եմ, որ այդ ներուժին չի կարելի անտեսել և այդ ներուժը, պոտենցիալը պետք է մաքսիմալ ծառայեցնենք ՀՀ-ի զարգացմանը, այդ թվում՝ միջազգային հարաբերությունների տիրույթում»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ խորհրդարանն այն լավագույն ձևաչափն է, որտեղ հնարավոր է միավորել հասարակական տարբեր շերտեր ներկայացնող մարդկանց և հանրային դիվանագիտության որոշակի օղակ ստեղծել:
Նշենք, որ աշխատանքային խմբում ընդգրկվելու համար հրավիրվել են հետևյալ անձինք՝ Ռիչարդ Գիրագոսյան, Ստեփան Գրիգորյան, Ալեքսանդր Իսկանդարյան, Գագիկ Հարությունյան, Վաղարշակ Հարությունյան, Ալեքսանդր Մարկարով, Ջոնի Մելիքյան, Ռուբեն Մելքոնյան, Դավիթ Շահնազարյան, Մանվել Սարգսյան, Արամ Սաֆարյան, Ռուբեն Սաֆրաստյան, Հայկ Քոթանջյան, Ստյոպա Սաֆարյան, Տիգրան Թորոսյան, Անժելա Էլիբեգովա, Սարգիս Գրիգորյան, Վարդան Ոսկանյան, Վահրամ Տեր-Մաթևոսյան, Թևան Պողոսյան, Արթուր Ղազինյան:
Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ խորհուրդը ձևավորվել է հինգ տարի ժամկետով՝ մինչև ԱԺ 6-րդ գումարման լիազորությունների ավարտը; Բացի այդ, ըստ նրա, որոշակի պայմանավորվածություններ ունեն միջազգային կազմակերպությունների հետ, որոնք պատրաստ են իրենց կազմակերպչական և ֆինանսական աջակցությունը ցուցաբերել «Անալիտիկ խորհուրդ»-ի կանոնավոր գործունեության և արդյունավետ կազմակերպման համար:
http://www.panorama.am/am/news/2017/06/13/
