• am
  • ru
  • en
Версия для печати
12.06.2017

ԻՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ՆԱԵՎ ՀԱՐԵՎԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Օրերս Իրանի Իսլամական հանրապետության խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհերի թիվը հասել է 16-ի: Զինված չորս ահաբեկիչներ ներխուժելով Իրանի խորհրդան, գործի էին դրել պայթուցիկ սարք: Բացի այդ, երկու ահաբեկիչ կրակ են բացել նաեւ Թեհրանի հարավում գտնվող Իմամ Հոմեյնիի դամբարանի մոտ գտնվող մարդկանց վրա: Իրանում կատարված ահաբեկչական գործողությունների ամբողջ պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆՆ անդրադառնալով Իրանում տեղի ունեցածած ահաբեկչական գործությանը, նշեց մի քանի իրողություններ. «Այդ միջադեպը ցույց տվեց, որ Մերձավոր Արեւելքը գտնվում է ռազմաքաղաքական խորը ճգնաժամում, եւ փորձ է կատարվում այն աստիճանաբար դեպի Հարավային Կովկաս եւ Միջին Ասիա տարածման ուղղությամբ՝ ընդհուպ մինչեւ ՌԴ հարավային սահմանները։ Երկրորդ՝ կասկածից վեր է, որ մինչ օրս հարեւան Իրանում ահաբեկչության փորձեր մեկ անգամ չեն տեղի ունեցել, որոնք սակայն, հիմնականում կանխվել են ու չեզոքացվել»,-«Իրավունքի» հետ զրույցում փաստեց Կ. Վերանյանը:

Բանախոսը նաեւ նկատեց, որ Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը պետք է համարել նախադեպ, որը ջարդեց այդ երկրում ահաբեկչական նման գործողությունների հնարավորության բացառման հարցում իշխող տարբեր փորձագիտական կարծիքներ ու գնահատականներ. «Կարծում եմ` նման սցենարի զարգացումն անսպասելի էր անգամ Իրանի ղեկավարության համար։ Երրորդ՝ տեղի ունեցած ահաբեկչությունը լրջագույն սպառնալիք է ներկայանում ոչ միայն Իրանի համար, այլեւ Իրանին սահմանակից բոլոր պետությունների ու տարածաշրջանների համար եւ առաջին հերթին հարավկովկասյան ուղղությամբ։ Եթե մինչ այժմ հարավկովկասյան տարածաշրջանը գտնվում էր գերազանցապես հարեւան Թուրքիայի ներքին զարգացումներից եկող ռազմաքաղաքական անկայունության ու հնարավոր ահաբեկչական ալիքի ներթափանցման ռիսկերի ներքո, ապա ներկայում ամենեւին էլ անխոցելի չէ անգամ Իրանը, որը հսկայական ֆինանսական-վարչական ու քաղաքական ռեսուրսներ է տրամադրում երկրում անվտանգության ապահովման արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Հաշվի առնելով դեպքերի նման զարգացման ներկայիս տրամաբանությունը՝ կարծում եմ` Հայաստանի քաղաքական ղեկավարությունն է՛լ ավելի մեծ ու համակարգային ուշադրություն կդարձնի երկրի ինչպես սահմանային, այնպես էլ պետության ներսում անվտանգության ապահովման արդյունավետության բարձրացման հարցերին առհասարակ»,-շեշտեց փորձագետը եւ հավելեց, որ իրանական դեպքերը ցույց տվեցին, որ այսօրվա միջազգային ռազմաքաղաքական իրողություններից ելնելով՝ թերեւս չկան անխոցելի պետություններ։ Սակայն այս ամենը դեռեւս չի նշանակում, որ այդ դեպքերը անպայմանորեն կարող են դոմինոյի էֆեկտ ունենալ եւ տարածվել հարակից երկրների վրա՝ այդ թվում եւ Հայաստանի. «Միեւնույն ժամանակ, սակայն, իրադարձությունների զարգացման նման սցենարի անտեսումը կամ սցենարի անիրատեսական համարելն ուղղակի անթույլատրելի պետք է որակել։ Ավելին, հաշվի առնելով արցախյան շփման գծում տիրող լարվածությունը, որն ամենեւին էլ նվազման միտումներ չի արձանագրում, անհրաժեշտ է ուժեղացնել զգոնությունը Հայաստանի ու Արցախի սահմանային անվտանգության ապահովման հարցերում։ Չի բառացվում, որ իրանական դեպքերից օգտվելու եւ դրանք տարածելու փորձեր լինեն հարեւան Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Մյուս կողմից` պայմանավորված Իրանում տեղի ունեցած դեպքերով՝ առանձնակի ուշադրություն պետք է դարձնել հայ-իրանական սահմանային անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, մանավանդ, երբ Հայաստանում մեկնարկում է զբոսաշրջության ակտիվ շրջանը»,- եզրափակեց Կարեն Վերանյանը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

http://iravunk.com/news/31916