«ՄԵԿ ԳՈՏԻ, ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ, ԱՊՐԻԼԻ 16-29-ը, 2017թ. ՉԺՀ (ՊԵԿԻՆ)
2017թ. ապրիլի 16-29-ը ՉԺՀ մայրաքաղաք Պեկինում տեղի ունեցավ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ և փոխկապակցված զարգացումը եվրասիական տարածաշրջանում» միջազգային գիտաժողովը: Այն կազմակերպվել էր Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի կողմից, որը Չինաստանի առաջատար հետազոտական ուղեղային կենտրոններից մեկն է: Ակադեմիայի շրջանակներում ներկայում գործում են 31 գիտական ինստիտուտ, 45 հետազոտական կենտրոն: Միջազգային գիտաժողովի կազմակերպչական աշխատանքներին իրենց աջակցությունն են ցուցաբերել Չինաստանի ֆինանսական զարգացման և աջակցման ասոցիացիան, Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի միջազգային համագործակցության վարչությունը, ինչպես նաև ակադեմիայի շրջանակներում գործող Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով ինստիտուտը: Միջազգային գիտաժողովի ֆինանսական ծախսերն ամբողջովին հոգացել էին գիտաժողովի կազմակերպիչները:
Երկշաբաթյա միջազգային գիտաժողովին մասնակցել է 7 երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի պետական կառավարման համակարգի, փորձագիտական և գիտական հանրության 25 ներկայացուցիչ: Միջազգային գիտաժողովին մասնակցել է նաև «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանը:
Միջազգային գիտաժողովն իր առջև նպատակ էր դրել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական ռազմավարական նախաձեռնության շրջանակներում խթանել Չինաստանի և հետխորհրդային տարածքի երկրների պետական կառույցների, փորձագիտական և գիտական-ակադեմիական հանրույթների միջև կապերի զարգացումն ու համագործակցության ամրապնդումը: Հակիրճ անդրադառնանք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական հայեցակարգին: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, որն առաջարկել է ՉԺՀ նախագահ Սի Ձինփինը 2013թ., առևտրային, տնտեսական ենթակառուցվածքային ցանցի մասին է և ներառում է երկու խոշոր նախագիծ՝ «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» և «21-րդ դարի Ծովային մետաքսի ճանապարհ»:
Գլոբալացման վերջին տարիների միտումները թևակոխում են ճգնաժամային փուլ: Համաշխարհային գործընթացները ցույ են տալիս, որ միաբևեռ աշխարհակարգը կանգնել է միջազգային նշանակության մարտահրավերների դիմակայման ու հաղթահարման առջև: Այս տեսանկյունից «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական ռազմավարական նախաձեռնությունը միջազգային հանրությանն առաջարկում է գլոբալացման ճգնաժամային իրավիճակից դուրս գալու այլընտրանքային կենսունակ բանաձև, որը ենթադրում է բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորում: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» հայեցակարգը ենթադրում է բաց դռների տնտեսական քաղաքականություն, առևտրատնտեսական հարթակ՝ աշխարհի տարբեր երկրների և ժողովուրդների միջև քաղաքակրթական-մշակութային, առևտրատնտեսական կապերի զարգացման ու համագործակցության խորացման հնարավորությամբ:
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ և փոխկապակցված զարգացումը եվրասիական տարածաշրջանում» միջազգային գիտաժողովը մեկնարկեց Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիային կից ստեղծված Մետաքսի ճանապարհի ակադեմիայի բացման հանդիսավոր արարողությամբ: Նշենք, որ Մետաքսի ճանապարհի ակադեմիան կարևոր հարթակ է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության իրագործման համար՝ անհրաժեշտ մտավոր ու կադրային ռեսուրսների ներգրավման առումով: Մետաքսի ճանապարհի ակադեմիայի նպատակն է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում երկրների և ժողովուրդների միջև փոխկապակցված ու փոխշահավետ համագործակցությանն աջակցելը:
Միջազգային գիտաժողովում դասախոսություններով հանդես եկան ՉԺՀ պետական ինստիտուտների, գիտական-ակադեմիական հանրության առաջատար մասնագետները: Դասախոսությունները վերաբերում էին համաշխարհային տնտեսական միտումներին, Չինաստանի միջազգային ֆինանսական համագործակցության, արդյունաբերական ռեսուրսների և առևտրային համագործակցության, անդրսահմանային էլեկտրոնային գործարարության և լոգիստիկ կառավարման, երկրի ազատ առևտրի գոտիների զարգացման հեռանկարներին: Միջազգային գիտաժողովը, դասախոսություններին զուգահեռ, մասնակիցներին հնարավորություն տվեց նաև այցելել Չինաստանի տարբեր քաղաքների արդյունաբերական, ազատ տնտեսական գոտիների վարչական-կառավարման կենտրոններ, հանդիպումներ ունենալ այդ կենտրոնների ղեկավարների հետ: Գիտաժողովի ծրագրի շրջանակներում այցելություններ եղան Պեկինի շրջակա միջավայրի և գենետիկական արդյունաբերության հարցերով կորպորացիա, Տյանցզին քաղաքի «Բաոդի» արդյունաբերական պարկ, ինչպես նաև նույն քաղաքի տեխնիկական-տնտեսական զարգացման գոտի: Տյանցզին քաղաքում նախատեսվել էր նաև մշակութային ծրագիր: Շանհայ այցելության ընթացքում մասնակիցներին հնարավորություն տրվեց տեղում ծանոթանալ քաղաքի ազատ առևտրի գոտու վարչական կենտրոնի համակարգման աշխատանքներին: Մասնակիցներն այցելեցին նաև Սուջոու քաղաքի արդյունաբերական պարկ:
Գիտաժողովի փակման հանդիսավոր արարողության ժամանակ մասնակիցներին հանձնվեցին միջազգային գիտաժողովի շրջանակներում իրականացված ծրագրին ու դասախոսություններին մասնակցության հավաստագրեր: Փակման արարողությանը մասնակից երկրներից մեկական պատվիրակ հանդես եկավ ելույթով: Հայկական կողմից ելույթով հանդես եկավ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Կարեն Վերանյանը: Ելույթը նվիրված էր համաժողովի կարևորության և ակտուալության ընդգծմանը, ինչպես նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության համատեքստում հայ-չինական առևտրային, տնտեսական ու մշակութային համագործակցության զարգացման հեռանկարներին:
