ՀԱՄԱԺՈՂՈՎ «ԲԺՇԿԱ-ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ
2016թ. նոյեմբերի 23-ին Երևանի «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոնի կոնֆերանսների դահլիճում կայացավ «Բժշկա-կենսաբանական լաբորատորիաները Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության համատեքստում» թեմայով համաժողով։
Համաժողովին զեկույցներով հանդես եկան Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Ուրալի տարածքային կենտրոնի ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու Դմիտրի Պոպովը («ԱՄՆ ռազմակենսաբանական գործունեությունը հետխորհրդային տարածքում, առկա սպառնալիքները ՀԱՊԿ անդամ երկրների համար և հնարավոր հակազդեցության միջոցները»), կենսաբանական գիտությունների դոկտոր, մանրէաբան Սվետլանա Բաղդասարյանը («Իրավիճակը հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ոլորտում, բժշկա-կենսաբանական լաբորատորիաների իրական նպատակները»), «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը («Նոր աշխարհաքաղաքական իրողությունները և նոր սպառնալիքները Հայաստանի ազգային անվտանգության համար»), «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը («ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի նպատակներն ու խնդիրները, կենտրոնի տարածվածության աշխարհագրությունը հետխորհրդային տարածքում»)։
Համաժողովում բարձրացվեցին Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության համատեքստում ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» ռեֆերենս-լաբորատորիաների նշանակությանը և գործունեությանը, ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի «Վտանգների նվազեցման գործակալության» ֆինանսավորմամբ 2016թ. Երևանում, Գյումրիում և Իջևանում ռեֆերենս-լաբորատորիաների բացմանը, հետագա գործունեությանը և ոլորտին առնչվող այլ հարցեր։
Համաժողովի նախաձեռնողները նախատեսեցին համաժողովի ընթացքում հնչած զեկուցումների, ծավալված քննարկումների արդյունքում արված առաջարկությունների հիման վրա ընդունել համապատասխան բանաձև։