ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԱՄԲԻՈՆ ՊԱԶՄԱՆԻ ԿԱԹՈԼԻԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Օրերս Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում պաշտոնապես բացվեց հայագիտական ամբիոն: Նորաբաց հայագիտական ամբիոնի վարիչ նշանակվեց հայագետ Բալինտ Կովաչը:
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական և Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանների միջև 2016թ. սկզբին ստորագրվել էր երկկողմանի համաձայնագիր, որի նպատակն է խթանել բուհերի համագործակցությունը, զարգացնել երկու համալսարանների միջև գիտական ու կրթական համագործակցությունը, իրականացնել ակադեմիական փոխանակման ծրագրեր ուսանողների և դասախոսական կազմի համար, համագործակցել հայագիտության բնագավառում: Ի դեպ, 2016թ. սեպտեմբերից Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի պատմության ինստիտուտի ուսանողներին հնարավորություն է տրվել ստանալ հայագիտության գծով մասնագիտացում, և արդեն համալսարանի մեկ տասնյակից ավելի ուսանողներ նախապատվությունը տվել են հենց այդ մասնագիտացմանը: Իսկ 2017թ. այդ համալսարանն իրականացնելու է առանձին հայագիտություն մագիստրոսական կրթական ծրագիր:
Մանկավարժական համալսարանի ուսանողները հնարավորություն են ստացել իրենց ուսումնառությունը շարունակել կաթոլիկ համալսարանում՝ մեկ կիսամյակ: Փոխադարձաբար սպասվում է նաև նշված համալսարանի ուսանողների այցը ՀՊՄՀ:
Այսպիսով, գիտական և կրթական համագործակցությունը Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի միջև և հատկապես այդ համալսարանում Հայագիտության ամբիոնի հիմնական և առաջիկայում նախատեսվող հայագիտություն մագիստրոսական կրթական ծրագրի բացումը, կարևոր քայլ են Եվրոպայում հայագիտության զարգացման ուղղությամբ:
Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանը բարձրագույն պետական ուսումնական հաստատություն է, որը ղեկավարվում է կաթոլիկ եկեղեցու կողմից, գործում է Վատիկանի հովանու ներքո: Համալսարանը հիմնադրվել է 1635թ. օսմանյան շրջափակման տարիներին, երբ արքեպիսկոպոս Պիտեր Պազմանը կառուցեց համալսարանը, որը դարակազմիկ նշանակություն ունեցավ Եվրոպայի կրթության և կրոնական մշակույթի պահպանման գործում: Նա համոզված էր, որ համալսարանն ազգի գոյատևման, բարոյական և մտավոր մշակույթի պահպանման միակ երաշխիքն է:
Համալսարանում գործում է միջազգային եկեղեցական օրենքի պատմության հետազոտական կենտրոն, հնէաբանական գեոտեղեկատվական համակարգերի լաբորատորիա, հոգեբանական հետազոտությունների լաբորատորիա, 3D պատկերների մշակման և ստերեոգրաֆիայի հետազոտական խումբ և տեղեկատվական տեխնոլոգիաների և բիոնիկայի ֆակուլտետի ներքո գործող Ջեդլիկ լաբորատորիաները, որոնց հետազոտական ուղղություններն են նանո-բիո տեխնոլոգիաները, սենսորային ծրագրավորումը, տելեներկայությունը, լեզվական տեխնոլոգիաները և այլն:
