• am
  • ru
  • en
Версия для печати
16.09.2016

ԲԵՅՐՈՒԹԻ ՀԱՅԿԱԶՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀՐԱՏԱՐԱԿԵԼ Է «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բեյրութի Հայկազյան համալսարանը լույս է ընծայել «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ղեկավար Ա.Սիմավորյանի և նույն կենտրոնի ավագ փորձագետ Վ.Հովյանի՝ «Հայկազեան հայագիտական հանդէսում» 2015թ. հրատարակված հոդվածների առանձնատիպերը։

Ա.Սիմավորյանի «Հայոց Մեծ եղեռնը եւ հայ կաթողիկէները. որոշ դիտարկումներ» հոդվածը նվիրված է Ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրության հայ կաթողիկե համայնքի դրությանը։ Հեղինակը ցույց է տալիս, որ, հակառակ թուրքական պատմագրության պնդումներին, իրականում հայ կաթողիկեները նույնպես ենթարկվել են կոտորածների, տեղահանության, գույքի թալանի և բռնի իսլամացման։

Վ.Հովյանի «Եկեղեցական գույքի վերադարձման խնդիրը որպես հայոց պահանջատիրության բաղկացուցիչ» հոդվածը նվիրված է Ցեղասպանությանն առնչվող արդի կիրառական հարցերից մեկին։ Հեղինակը վերլուծում է Թուրքիայում բռնագրավված հայկական եկեղեցական գույքի վերադարձման նախադրյալները, դրա իրավական և քաղաքական խոչընդոտները, ինչպես նաև հանդես է գալիս գործնական առաջարկություններով խնդրի լուծման ուղղությամբ հետագա քայլերի և միջեկեղեցական համագործակցության հեռանկարների վերաբերյալ։