• am
  • ru
  • en
Версия для печати
29.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՎՐԱՍՏԱՆԸ, ԻՐԱՆՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԾ ՊՈՏԵՆՑԻԱԼ ՈՒՆԵՆ

Հայաստանը, Վրաստանը, Իրանը և Ռուսաստանը տարածաշրջանային համագործակցության մեծ պոտենցիալ ունեն։ Այդ համագործակցության հնարավոր ոլորտները, հնարավորություններն ու խոչընդոտները հունիսի 27-ին քննարկվել են «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում անցկացված «Հյուսիս-Հարավ առանցք․ Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան համագործակցության արդի վիճակն ու զարգացման հեռանկարները» թեմայով կոնֆերանսի ժամանակ։

Կոնֆերանսն անցկացվել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության, «Միջազգային հարաբերությունները և տնտեսական ինտեգրումը Հարավային Կովկասում» փորձագիտական ցանցի, Ռուսաստանի «Գիտելիք» ընկերության և «Կովկասյան համագործակցություն» ոչ առևտրային գործընկերության կողմից։

Զեկույցներով հանդես են եկել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, «Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանը, Հայաստանի Քաղաքագետների միության վարչության անդամ Սամվել Մանուկյանը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Տարածաշրջանային և միջազգային հետազոտությունների բաժնի ավագ գիտաշխատող Արմեն Մանվելյանը և ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Ռոման Կարապետյանը։

Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ձեռնտու է հարևան երկրների, մասնավորապես՝ Իրանի և Վրաստանի համար։ Ինչպես նշել է Արսեն Ղազարյանը, լոգիստիկ ուղիների և մատչելի տարիֆների ապահովման դեպքում Հայաստանը կարող է տրանզիտային դեր խաղալ նրանց համար։ «Իրանը Հայաստանին պետք է դիտարկի որպես արդյունաբերական հարթակ, որտեղ հնարավոր է արտադրանք ստանալ, փաթեթավորել և մտցնել ԵԱՏՄ շուկա»,- նշել է Ղազարյանը՝ հավելելով, որ Հայաստանը պետք է ներկայացնի Իրանին, թե ինչ կարող է անել նրա համար, ինչ հնարավորություններ է պատրաստ տրամադրել։

Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան առանցքի ձևավորման և արդյունավետ օգտագործման համատեքստում Ջոնի Մելիքյանն անդրադարձ է կատարել Հայաստանի և Իրանի հետ Վրաստանի հարաբերություններին։ Նա նշել է, որ Իրանն ակտիվ աշխատում է Վրաստանում՝ թույլ չտալու համար արտաքին ուժերի ներկայությունը տարածաշրջանում, Վրաստանն, իր հերթին, ներդրումային հնարավորություններ է ստեղծում Իրանի համար, այդ թվում՝ ԵՄ-ի հետ գործող Ազատ առևտրի գոտու հաշվին։ «Հայաստանը պետք է պրոակտիվ լինի և օգտագործի իր համար ԵԱՏՄ ընձեռած հնարավորությունները՝ ներդրումներ գրավելու համար»,- նշել է Մելիքյանը։ Նա նաև ընդգծել է, որ տրանզիտային երկիր լինելու համար Հայաստանը պետք է կարողանա 100 տոկոսանոց տրանզիտ ապահովել Վրաստանի տարածքով։ Հայաստանի և Վրաստանի համար այս առանցքում նա կարևորել է հատկապես էներգետիկ ոլորտը։

Որպես այս առանցքի երկրների համագործակցության մեկ այլ ոլորտ Սամվել Մանուկյանն առաջարկել է ինովացիոն ինտեգրացիան, ինովացիոն պոտենցիալի մեկտեղումն ու արդյունավետ իրացումը։ Նա նշել է, որ ըստ կատարված հետազոտությունների տվյալների, ինովացիոն արտադրության մեջ առաջատար է Ռուսաստանը, երկրորդ տեղում է Հայաստանը, երրորդ տեղում Վրաստանն է, չորրորդ տեղում՝ Իրանը։ «Ինովացիոն արդյունաբերության զարգացման համար հարկավոր է հրավիրել փոքր բիզնեսին Ռուսաստանից, ինչպես նաև Իրանից»,- նշել է Մանուկյանը։ Նա կարևորել է պետական աջակցությունն այս ոլորտով զբաղվող ընկերություններին, ինչպես նաև ընդգծել է երկրներից յուրաքանչյուրի ինովացիոն պոտենցիալի շտեմարանի ստեղծումը, որը հնարավորոթյուն կտա առավել հեշտացնել համագործակցությունը։

Հյուսիս – Հարավ առանցքը ռազմավարական նշանակություն ունի և ազդում է տարածաշրջանի ռազմաքաղաքականության վրա, ընդգծել է Արմեն Մանվելյանը։ Կատարելով այս առանցքի հնարավորությունների SWOT վերլուծություն՝ նա հանգել է այն եզրակացության, որ տարածաշրջանային այս ծրագրի իրականացման համար Ռուսաստանն ու Իրանը հավասարապես հետաքրքրված են թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ աշխատելու առումով, սակայն Վրաստանի ներգարվման պարագայում Հայաստանը դառնում է ավելի նախընտրելի։ «Հայաստանը պետք է շեշտադրի էներգետիկ համագործակցության իր հարուստ փորձը թե՛ Ռուսաստանի, թե՛Իրանի հետ, ինչն աննախադեպ է տարածաշրջանում»,- ասել է Մանվելյանը։ Նա նաև ընդգծել է, որ էլեկտրաէներգիայի հոսքերի փախանցման, տարանցման ու բաշխման գործընթացի կառավարան փորձն ու համապատասխան տեխնոլոգիաների առկայությունը, նույնպես, Հայաստանին առավելություն են տալիս։

Ռոման Կարապետյանն ընդգծել է, որ Ադրբեջանի դերի մեծացումը և հատկապես Թուրքիա-Վրաստան – Ադրբեջան առանցքը հարվածում է Ռուսաստանի շահերին, միաժամանակ, Իրանը նույնպես չի համակերպվում տարածաշրջանում թուրքական գործոնի ուժեղացման հետ։ Նա նշել է, որ Իրանը դիտարկում է Հայաստանը որպես իր առաջնային առևտրային գործընկեր, և կարևորել է տարբեր ռեսուրսների ներգրավմամբ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը։ Որպես այս առանցքի հիմնական խոչընդոտներ Կարապետյանը դիտարկել է Վրաստանի՝ Արևմուտքի հետ հարաբերությունները չփչացնելու ցանկությունը, ԱՄՆ ազդեցությունը Վրաստանի վրա և ձգտումը խոչընդոտել Իրանի ազդեցության աճին տարածաշրջանում, ինչպես նաև Իրան-ՌԴ ոչ միանշանակ հարաբերությունները։ «Հայաստանը պետք է փորձի երկկողմ քաղաքական համագործակցություն զարգացնել Իրանի հետ, ինչպես նաև եռակողմ ձևաչափերով Իրանի ու Վրաստանի, Իրանի ու ՌԴ-ի հետ»,- ասել է Կարապետյանը։

Փորձագետները նշել են այս առանցքի կարևորությունն ու առկա մեծ պոտենցիալը, որը կարող է զգալի օգուտ տալ բոլոր չորս երկրներին։

http://armedia.am/arm/news/36384/hayastany-vrastany-irann-u-rusastany-hamagortsakcutyan-mets-potencial-unen.html


Руский