ԻՎԱՆ ԿՈՆՈՎԱԼՈՎ. ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՏՔԸ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ ԴԵՐԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՆՈՐ ՃԳՆԱԺԱՄՈՒՄ
Ռազմական փորձագետ, Ռազմավարական կոնյունկտուրայի կենտրոնի տնօրեն Իվան Կոնովալովը RUSARMINFO-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ակտիվ մարտական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում։
«Պետք նշել Սիրիայի շուրջ իրադարձությունների և թուրքական կողմի գործողությունների տարօրինակ համընկնումը։ Բոլորովին վերջերս թուրք-ռուսական հարաբերությունների սրման ֆոնին՝ Թուրքիան հայտարարում էր, թե պատրաստ է լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը։ Անկարան շատ ակտիվ հայտարարում էր Ադրբեջանին աջակցելու մասին և անհասկանալի խաղեր էր տալիս Ղարաբաղի շուրջ։ Քաղաքականության մեջ նման մակարդակի համընկնումը բավական հազվադեպ բան է։
Թուրքիան քիչ բան չի արել, որպեսզի ազդի Ղարաբաղի շուրջ իրավիճակի վրա Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունների սրման ֆոնին՝ փորձելով փոխհատուցել քաղաքական անհաջողությունները սիրիական հարցում»։
RUSARMINFO. Ռուսաստանն ինչպե՞ս կարող է ազդել իրավիճակի վրա։
«Ռուսաստանը կողմերի վրա ճնշման այնքան էլ շատ լծակներ չունի։ Հայաստանը և Ադրբեջանը միանգամայն անհաշտ դիրքորոշումներ ունեն։ Ռուսաստանը մյուս բանակցողների հետ միասին հասել էր երկար ժամանակով հրադադարի պահպանմանը, բայց իրավիճակի վրա ազդեցին սիրիական հակամարտության մերձավորությունը և անվտանգության համակարգի փլուզումը Մերձավորարևելյան տարածաշրջանում։
Ռուսաստանի համար միայնակ դժվար կլինի կայունացնել իրավիճակը։ Հարկավոր է նաև ԱՄՆ աջակցությունը, որը սիրում է ձեռքերը լվանալ նման իրավիճակներում։ ԱՄՆ-ը պետք է օգտագործի իր ազդեցությունը՝ Թուրքիայի, և նրա միջոցով՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար»։
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը սկսել է ակտիվ գրոհային գործողություններ։ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը հետ է շպրտվել շփման ողջ գծի երկայնքով և կենդանի ուժի ու տեխնիկայի բազմաթիվ կորուստներ կրել։ Ադրբեջանն արդեն պաշտոնապես ճանաչել է 12 զինծառայողի մահը, մեկ տանկի և ուղղաթիռի կորուստը։
http://rusarminfo.ru/ivan-konovalov-tureckij-sled-rol-rossii-i-ssha-v-novom-krizise-v-karabaxe/
