ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲՆԻԿ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԸ. ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
Փետրվարի 27-ին Երևանի «Անի» հյուրանոցում տեղի է ունեցել «Ադրբեջանի բնիկ ժողովուրդները.իրականություն և հեռանկարներ» կլոր սեղան-քննարկում, որը կազմակերպել էին «Կովկաս-Կասպիական տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ինստիտուտը» (ղեկավար՝ Գառնիկ Ասատրյան) և «Մոդուս վիվենդի» կենտրոնը (ղեկավար՝ Արա Պապյան)։ Բացի հայ փորձագետներից, քննարկմանը տեսակապի միջոցով մասնակցել են թալիշ քաղաքական-հասարակական գործիչ, 1993թ. հռչակված Թալիշ-Մուղանյան ինքնավար հանրապետության Միլի մեջլիսի նախագահ Ֆահրադդին Աբոսզոդան և թալիշ քաղաքագետ, «Թալիշական սփյուռք» ՀԿ նախագահ Իսմայիլ Շաբանովը։ Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև թալիշական ազգային հեռուստաընկերության գլխավոր խմբագիր, բանաստեղծ Զաբիլ Մադոժը։
Քննարկվել են Ադրբեջանի բնիկ ժողովուրդների՝ թալիշների, լեզգիների, ավարների, ազգային-քաղաքական իրավունքների և ազատությունների հեռանկարների, նշված ազգերի ուծացմանն ուղղված Բաքվի պետական քաղաքականության, Ադրբեջանում կրոնական հենքի վրա հակամարտության խորացման միտումների և հայ-թալիշական համագործակցության զարգացման հետ կապված հարցեր։