• am
  • ru
  • en
Версия для печати
02.03.2016

«ՍԻՐԻԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԹՈՒՆԵԼԻ ՎԵՐՋՈՒՄ ԼՈՒՅՍ Է ԵՐԵՎՈՒՄ»

Չնայած պաշտոնական Անկարան որոշակի վերապահումներով, բայց ողջունել էր Սիրիայում հրադադարի հաստատման մասին օրերս ձեռք բերված ռուս-ամերիկյան համաձայնությունը, բայց ռազմական գործողությունները թուրք-սիրիական սահմանին շարունակվում են: Ավելին` երեկ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Սիրիայում հրադադարի հաստատումը իրենց երկրի համար պարտադիր չէ: Այս դեպքում, թե ի՞նչ նշանակություն ունի հաստատված հրադադարը, երբ պայթյուններն ու ռազմական գործողությունները չեն դադարում, «Իրավունքը» հետաքրքրվեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ.

«ԱՅՍ ԱՄԵՆՆ Ի ՑՈՒՅՑ Է ԴՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՐԱԿԱՆ ԴԵՄՔԸ»

–Կարծում եմ, որ հրադադարը շատ մեծ նշանակություն ունի, քանի որ Թուրքիան, փաստորեն, զրկվել է նախկին աջակցությունների բավական զգալի մասից: Այնպես որ, հրադադարը շատ երկար գործընթաց է լինելու, եւ գլխավորն այն է, որ մասնակիցների միջեւ սկսվել է երկխոսությունը: Բայց Թուրքիան, թերեւս, մի փոքր ոչ ադեկվատ գործողություններ է կատարում եւ, միեւնույն ժամանակ, պետք է ասել, որ լավագույնս այս ամենն ի ցույց է դնում նրա իրական դեմքը ու իրական դիրքորոշումներն այս խնդիրներում: Ինձ ուղղակի զարմացնում է, որ նման պարագայում Թուրքիայի դեմ ոչ մեկը պատժամիջոցներ չի սահմանում, որովհետեւ այն, ինչ կատարվում են հերթական հանցագործությունն է մարդկության դեմ: Եվ պետք է հիշենք, որ նույն ձեւով Թուրքիան վարվում էր Կիպրոսյան ճգնաժամի ժամանակ եւ ի դեմս ամբողջ աշխարհի` առանց որեւիցե բան հաշվի առնելու, օկուպացրեց ու գրավեց Հյուսիսային Կիպրոսը: Ու ցավոք, մինչեւ հիմա որեւիցե պատիժ դրա համար չի ստացել:

– Կարելի՞ է ասել, որ մեկ-երկու շաբաթ անց` հրադադարից հետո, կրկին նույն ոգով կշարունակվեն ռազմական գործողությունները, եւ հրադադար ասվածն ընդամենը ընդմիջում կլինի` ուժերը վերադասավորելու:

– Կասկածում եմ այդպիսի սցենարի վրա, ինձ թվում է` այն, բոլոր դեպքերում, արդյունքներ տալու է: Կարելի է տարբեր սցենարներ ներկայացնել, բայց եթե հակիրճ լինենք, ապա, անշուշտ, այն իր հետեւանքը կունենա: Եվ կարծում եմ` սիրիական հակամարտության թունելի վերջում լույս է երեւում, համենայնդեպս, ոչ այդքան շատ պայծառ, մեծ շանսերով լույս, բայց ինչպես ժամանակին ասում էր մի սովետական գլխավոր քարտուղար. «Պռոցես ուժե պաշոլ»:

«ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԴԱՏԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ Է»

Մեկ այլ հարցի հետ կապված նույնպես փորձեցինք ստանալ պարոն Հարությունյանի մեկնաբանությունը. երեկ Մոսկվայում ազգությամբ ուզբեկ 38-ամյա դայակը սպանել էր չորսամյա երեխային եւ երեխայի կտրված գլուխը ձեռքին մետրո մտել ու սպառնացել ինքնասպան լինել` բացականչելով «Ալլահ Աքբար»: Թե ինչ հետեւանք կարող է ունենալ տեղի ունեցածը, քաղաքագետը նշեց.

– Չէի ցանկանա մեկնաբանել, որովհետեւ իսկապես ցավալի, ողբերգական դեպք է: Այն իրավիճակը, որ շատերն ամբողջ աշխարհում, այսպես ասած, վարակվել են էքստրեմիզմի վիրուսով, սա էլ դրա վկայություններից մեկն է:

– Մարդկության չարիք դարձած ԻԼԻՊ-ի գործելաոճի նմանություն չե՞ք տեսնում այստեղ:

– Այո, նման է, բայցեւայնպես` սա ածանցյալ գործողություն է, այսինքն` այն կարող էր լինել տարբեր ժամանակներում: Ուղղակի, այսօր այդ էքստրիմիզմը` իր վատ դրսեւորումներով, համաշխարհային գլոբալ երեւույթ է դարձել, ինչը հանրության հոգեւոր դատարկության արդյունք է, ու այդ պատճառով էլ տեղ են գրավում ԻԼԻՊ-ի նման գաղափարախոսությունները: Հետեւաբար, նման արտահայտություններն անշուշտ կապված են գլոբալ այդ երեւույթի հետ, բայց ոչ կոնկրետ այս դեպքում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

http://www.iravunk.com/news/99