• am
  • ru
  • en
Версия для печати
27.01.2016

ԻՍՐԱՅԵԼԸ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ ԵՆ ԻՊ-ԻՑ ՆԱՎԹ ԳՆԵԼՈՒ ՄԵՋ

Իսրայելի և Հունաստանի պաշտպանության նախարարները Թուրքիային մեղադրել են «Իսլամական պետությունից» (ԻՊ) նավթ գնելու մեջ։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։

Նրանք նման հայտարարություններ արել են Աթենքում բանակցությունների արդյունքների վերաբերյալ հրավիրված մամուլի ասուլիսում։ Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնն ուղղակիորեն մեղադրել է Անկարային իսլամականներին հովանավորելու մեջ. «Բոլորին է հայտնի, որ ԻՊ-ն արդեն շատ վաղուց թուրքական փողեր է ստանում նավթ վաճառելով։ Ես հույս ունեմ, որ դրան վերջ կդրվի։ Եկել է ժամանակը, որպեսզի թուրքական ղեկավարությունը որոշի՝ մտադի՞ր է արդյոք վերջապես միանալ ահաբեկչության դեմ պայքարին։ Այստեղ վարանելու բան չկա»։ Բացի այդ, Յաալոնն ասել է, որ Թուրքիան մատների արանքով է նայում իր տարածքով ջիհադական զինյալների երթևեկին։

Նրա հույն պաշտոնակից Պանոս Կամենոսն, իր հերթին, տեղեկացրել է, որ Անկարան ձեռք է բերում նավթի մեծ մասը, որն արտադրվում է ԻՊ-ին ենթակա տարածքում, և դրանով իսկ ֆինանսավորում է ահաբեկիչներին։ Կամենոսը նաև Անկարային հորդորել է միջոցներ ձեռնարկել դեպի Եվրոպա ներգաղթյալների հոսքը սահմանափակելու ուղղությամբ։

2015թ. դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարության ճեպազրույցում Գլխավոր շտաբի պետի տեղակալ Սերգեյ Ռուդսկոյը տեղեկացրել է այն նյութերի հրապարակման մասին, որոնք հաստատում են, որ Թուրքիա են մատակարարվում նավթամթերքներ ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող տարածքներից։ Նույն թվականի նոյեմբերի 30-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, թե հրաժարական կտա, եթե հաստատվի տեղեկությունն այն մասին, որ իր երկիրը նավթ է գնում «Իսլամական պետությունից»։ Այդ նույն օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց, որ ռուսական Սու-24 ռմբակոծիչը խոցվել է թուրքական ՌՕՈւ-ի կողմից՝ պաշտպանելու համար ԻՊ-ից նավթի մատակարարումները։

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեությունը Ռուսաստանում արգելված է։

http://lenta.ru/news/2016/01/26/ohreallyitsisisoil/


Руский