ՍՏԱՄԲՈՒԼԻ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՆՎԻՐՎԱԾ ԿԼԻՆԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆԸ
Նոյեմբերի 20-21-ին «Ոչնչացված քաղաքակրթություն. ոչ մուսուլմանների ունեցվածքը օսմանյան շրջանի վերջում և հանրապետական շրջանի սկզբում» խորագրով գիտաժողով կանցկացվի Ստամբուլում:
Ըստ Թուրքիայում հրատարակվող հայկական «Agos» թերթի կայքի` գիտաժողովն անցկացվելու է Հրանտ Դինքի հիմնադրամի, Բողազիչի համալսարանի պատմության ֆակուլտետի, Սաբանջը և Բիլգի համալսարանների համագործակցությամբ:
Գիտաժողովը, որին մասնակցում են գիտնականներ ինչպես Թուրքիայից, այնպես էլ արտասահմանից, կանցկացվի երեք լեզվով` հայերեն, թուրքերեն և անգլերեն:
Միջոցառման ընթացքում քննարկվելու են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են 1914-1924թթ. եվրոպական կապիտալը ներկայացնող ոչ մուսուլման առևտրականները, 1915-ին և դրանից հետո ոչ մուսուլմանների ունեցվածքի բռնագրավման և բաժանման գործընթացի քաղաքական, մշակութային և տնտեսական հետևանքները, ոչ մուսուլմանների կողմից հիմնադրված առևտրական ձեռնարկությունների պատմությունը, ոչ մուսուլման ձեռնարկատերերի` օսմանյան քաղաքների նկատմամբ ստանձնած բարեգործական պարտավորությունները, Անատոլիայից դեպի խոշոր քաղաքներ ձեռնարկատերերի գաղթը, ոչ մուսուլման առևտրականների և կրոնական համայնքների հարաբերությունները:
http://www.ermenihaber.am/am/news/2015/11/17