ԱՄԵՐԻԿՅԱՆ PATRIOT ԶԵՆԻԹԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԼՔԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾՔԸ
Ամերիկյան Patriot զենիթային համակարգերը լքել են Թուրքիայի տարածքը: Այս մասին գրում է lenta.ru-ն` վկայակոչելով Anadolu-ին:
Աղբյուրի տեղեկացմամբ` զենիթային համակարգերը տեղափոխվել են Իսքենդրունի նավահանգիստ, որտեղից Ocean Globe նավով ուղևորվել են դեպի ԱՄՆ:
Defense News-ի փոխանցմամբ` նման որոշում կայացվել է հոկտեմբերի 8-ին, ինչի առթիվ Անկարան կտրուկ դեմ արտահայտվել. «Մենք չենք կարծում, որ հիմա լավ ժամանակ է այդ մարտկոցների հեռացման համար: Սիրիայի հետ մեր ունեցած սահմանը գտնվում է լարված վիճակում»,- նշել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան:
Երկրի հարավ-արևելքում գտնվող Գազիանթեպ նահանգում 2013 թվականին տեղակայված համալիրը նախատեսված էր պաշտպանելու Թուրքիայի օդային տարածքը սիրիական ավիացիայի մասնակցությամբ հնարավոր կոնֆլիկտներից:
2015 թվականի վերջին դրանց Թուրքիայի տարածքում գտնվելու ժամկետն ավարտվում է, իսկ Թուրքիայի պաշտոնյաները պնդել են, որ այդ ժամկետը երկարաձգվի: