ՊԵՆՏԱԳՈՆԸ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Ամերիկյան զինվորական գերատեսչությունը ներկա փուլում ամենալուրջ մարտահրավեր է համարում ընդհանուր անկանխատեսելիության գործոնը միջազգային հարաբերություններում և իրադրության խոշոր փոփոխությունների արագությունը համաշխարհային ասպարեզում։ Այս մասին հայտարարել է Ազգային ցամաքային զորքերի ուսումնական և գիտական հետազոտությունների հրամանատարության ղեկավար, գեներալ Դևիդ Փերկինսը։
«ԱՄՆ ցամաքային զորքերի ամենամեծ մարտահրավերներն են, ըստ երևույթին, անկանխատեսելիության մակարդակը և փոփոխությունների տեմպը, այն, թե որքան արագ կարող է տեղի ունենալ վատթարացումը»,- ասել է ամերիկացի բարձրաստիճան զինվորականը։ Ամերիկյան ռազմական ստրատեգների տեսակետից, նշել է նա, «մարտահրավերն անորոշությունն է, այն հստակ ընկալման բացակայությունը, թե ում պետք է հետագայում համարել ԱՄՆ պայմանական հակառակորդ»։ Եթե «սառը պատերազմի» դարաշրջանում «կյանքը, հարաբերականորեն ասած, բավական կանխատեսելի էր», ապա հիմա «մենք ոչ մի պատկերացում չունենք, թե ով է լինելու մեր հակառակորդը, մենք ոչ մի պատկերացում չունենք, թե աշխարհի որ մասում ենք մենք առնչվելու նրա հետ, մենք ոչ մի պատկերացում չունենք, թե ով է մտնելու մեր կոալիցիայի կազմում», ընդգծել է Դ.Փերկինսը։ Բացի այդ, փաստել է նա, անգամ ԱՄՆ գործընկեր երկրները և դաշնակիցները, որոնք պատրաստ են մասնակցել ռազմական գործողություններին Վաշինգտոնի կողմից, հիմա հաճախ դա անում են տարբեր վերապահումներով, ինչպես եղավ, օրինակ, մի քանի տարի առաջ Աֆղանստանում։
Գեներալը միևնույն ժամանակ նշել է, որ, չնայած Եվրոպայում ԱՄՆ ռազմական գործունեության ակտիվացմանը, Պենտագոնը մտադրություն չունի դադարեցնել ցամաքային զորքերի կրճատման գործընթացը։ «Դրանք ավելի փոքր չափի են դառնում»,- հաստատել է գեներալը։ Միևնույն ժամանակ, նա խուսափել է ուղղակիորեն պատասխանել այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը հետագայում հնարավոր համարում է ցամաքային զորքերի թվաքանակի ավելացումը ստեղծվելիք աշխարհաքաղաքական իրադրության պատճառով։ «Եթե ցամաքային զորքերը շարունակեն կրճատվել, դա կուղեկցվի ռազմավարական ռիսկերի, ռազմավարական ռիսկերի էական թվաքանակի առաջացմամբ, որոնք ժամանակի ընթացքում ավելանում են։ Պարզ է, որ մենք շատ անհանգստացած ենք թե՛ երկարաժամկետ, թե՛ կարճաժամկետ ռիսկերի ավելացմամբ, նրանով, թե ինչպես պատասխանենք դրանց ժամանակի, առկա ուժերի և միջոցների առումով»,- ընդգծել է նա։ Ըստ նրա՝ անկախ կրճատումից, ցամաքային զորքերը «պետք է ընդունակ լինեն անելու ամեն ինչ», այլ ոչ թե վերածվեն ԶՈւ նեղ պրոֆիլի տարատեսակի, որն զբաղեցնում է միայն կոնկրետ մի ինչ-որ «նիշա»։ ԱՄՆ ցամաքային զորքերը պետք է մնան «ազգային պաշտպանության երկաթե բռունցքը», համոզված է գեներալը։
«Зарубежное военное обозрение», №7, 2015
