• am
  • ru
  • en
Версия для печати
27.07.2015

ԱՄԵՆ. Տ. ԳՐԻԳՈՐ ՊԵՏՐՈՍ 20-ՐԴ՝ ՆՈՐԸՆՏԻՐ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՊԱՏՐԻԱՐՔԸ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿԷ ՀԱՅՈՑ

Արհ. Տ. Գրիգոր եպս. Կապրոյանը ընտրվել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 20-րդ Կաթողիկոս Պատրիարք:

2015թ. հուլիսի 14-25-ը Զմմառում տեղի ունեցան Հայ Կաթողիկէ Եկեղեցու 20-րդ Կաթողիկոս Պատրիարքի ընտրությունները: Սինոդի 15 եպիսկոպոսները 12 օր տևած ընտրական նիստերից հետո նոր Պատրիարք ընտրեցին Արհ. Տ. Գրիգոր եպս. Կապրոյանին, ով ընդունեց ստանձնել Կաթողիկէ Հայոց Հայրապետի բարձրագույն պաշտոնը՝ Գրիգոր Պետրոս 20-րդ (Ի) անունով:

Նորընտիր Կաթողիկոս Պատրիարքը ծնվել է 1934թ. նոյեմբերի 14-ին, Հալեպում: Նախնական ուսումը ստացել է Զմմառի դպրանոցում, ապա ուսումը շարունակել Հռոմի Լևոնյան վարժարանում և ավարտել Հռոմի Գրիգորյան համալսարանում:

Քահանա է ձեռնադրվել 1959թ. մարտի 28-ին: 1962-69թթ. վարել է Մեսրոպյան վարժարանի տեսչի, իսկ 1969-75թթ.՝ Զմմառի դպրեվանքի տեսչի և, միաժամանակ, Զմմառի վանքի գործադիր խորհրդի քարտուղարի պաշտոնները:

1976թ. Սուրբ Աթոռի կողմից նշանակվել է Ֆրանսիայի հայ կաթողիկէների առաջնորդ, և եպիսկոպոս է ձեռնադրվել 1977թ. փետրվարի 13-ին, Բեյրութի Սբ. Փրկիչ եկեղեցում՝ ձեռամբ Երաշնորհ Հմայակ Պետրոս 17-րդ Կետիկյան Կաթողիկոս Պատրիարքի:

2015թ. հունիսի 25-ից Ֆրանսիայի հայ կաթողիկէների արդեն հրաժարյալ առաջնորդ Արհ. Գրիգոր եպս. Կապրոյանը վարում է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարքական կառավարչի պաշտոնը, կազմակերպել է Երանաշնորհ Տ. Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքի թաղման արարողությունը, ապա՝ նոր Պատրիարքի ընտրությունները:

Ամենապատիվ Տ. Գրիգոր Պետրոս 20-րդ Կաթողիկոս Պատրիարքի գահակալության արարողությունը նախատեսված է կատարել 2015թ. օգոստոսի 9-ին, Լիբանանի ժամանակով ժամը 17:00-ին, Զմմառի մայրավանքում:

Արևելյան Կաթողիկէ Եկեղեցիների կանոնագրքի 77-րդ կանոնի համաձայն նորընտիր Պատրիարքը կարող է ստանձնել Պատրիարքի պարտականությունները միայն գահակալությունից հետո:

http://armenianchurchco.com/3174.html