ԱՄՆ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ՀԱՅՑ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայոց ցեղասպանության արդյունքում Թուրքիայի Ինջիրլիք քաղաքում հայերից խլված գույքը հետ վերադարձնելու նպատակով դատական գործ է հարուցված, որը քննվում է ԱՄՆ-ի 9-րդ շրջանային դատարանում: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ԱՄՆ-ում բնկավող հայտնի հայ փաստաբան, «Վարդգես Եղիայան և փաստաբանական խումբ» գրասենյակի ղեկավար Վարդգես Եղիայանը՝ նշելով, որ տվյալ գործի առաջընթացը կախված է մեկ այլ նմանօրինակ դատական գործից, որը քննվում է ԱՄՆ-ի վճռաբեկ դատարանում:
Թուրքիայի տարածքում գտնվող հողային սեփականությունների առնչությամբ Եղիայանը ընդգծեց, որ ներկայում բանակցություններ են տարվում թուրք իրավաբանների հետ, որպեսզի ձեռք բերվի պայմանավորվածություն հարյուրավոր հաճախորդների գործերի առնչությամբ, ում ընտանիքները ժամանակին սեփականություն են ունեցել ժամանակակից թուրքական պետության տարածքում: «Կիլիկիայի Հայոց կաթողիկոսության անունից 2010 թվականին մեր կողմից Գեթթի թանգարանի դեմ ներկայացրած գործը, որը կապված էր միջնադարյան հայ մանրանկարիչ Թորոս Ռոսլինի կողմից նկարազարդված կանոնակարգված աղյուսակներով 8 էջ վերականգնելու հետ, քննարկումների վերջնական փուլում է»,- տեղեկացրեց Եղիայանը:
Դատական գործ է հարուցվել նաև Ռումինիայի կառավարության դեմ այն բանի համար, որ կոմունիստական շրջանում այն սեփականաշնորհել է ռումինաամերիկյան կինոընկերություն, որը ժամանակին պատկանել է մի հայի: Դատական գործ հարուցվել է նաև Իսրայելի դեմ երկրում 1948 թվականի պատերազմի ժամանակ հայկական սեփականությունը բռնագրավելու համար:
Բացի ներկայացված դատական գործերից, փաստաբանական ընկերությունը հրատարակել է 7 գիրք Հայոց ցեղասպանության թեմայով, ինչպես նաև նախատեսում է հրատարակել ևս մեկը, որ վերաբերում է Ցեղասպանության ընթացքում բռնագրավված հայկական սեփականությանն ու Միացյալ Նահանգներում հարուցված ապահովագրական գործերի պատմությանը: «Վարդգես Եղիայան և փաստաբանական խումբ» գրասենյակն ավելի վաղ կարողացել էր փոխհատուցում ստանալ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների համար երկու ապահովագրական ընկերությունից: Նախ ընկերությունը 20 մլն ԱՄՆ դոլար փոխհատուցում էր ստացել 2004 թվականին New York Life-ից, ապա 2005 թվականին նույնքան փոխահատուցում ֆրանսիական «Աքսա» ապահովագրական ընկերությունից:
http://armenpress.am/arm/news/812106/amn-pastabanakan-khumby-hayc-e-nerkayacrel-turqiayum.html