• am
  • ru
  • en
Версия для печати
18.06.2015

ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ՏՀՏ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆ ԱՐԴԵՆ ՊԱՏՐԱՍՏԵԼ Է ՇՈՒՐՋ 2000 ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԵՏ

Հայ-հնդկական Տեղեկատվական և Հեռահաղորդակցության Տեխնոլոգիաների (ՏՀՏ) գերազանցության կենտրոնը (AITC) հունիսի 15-ից իր դռները կբացի Հայաստանի բոլոր ավագ դպրոցների աշակերտների առջև` նրանց համար անցկացնելով Ամառային Web դիզայն դպրոց: Նրանք դասընթացների ընթացքում հնարավորություն կունենան սովորելու բազային վեբ ծրագրավորում և գրաֆիկական դիզայն:

Ինչպես «Նոյյան Տապանի» թղթակցի հետ զրույցում նշեց Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի ծրագրի ղեկավար Էմիլիա Հարությունյանը, ամառային դպրոցի միջոցով կենտրոնը փորձելու է ոչ միայն բավարարել դպրոցականների հետաքրքրվածությունը վեբ դիզայնով, այլև օգնելու նրանց հետագայում ճիշտ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, հատկապես վեբ տեխնոլոգիաների ոլորտում:

Նրա տեղեկացմամբ, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի հիմնական գործունեություն է` ՏՏ ոլորտի դասընթացների կազմակերպում, մասնագետների պատրաստում և վերապատրաստում, գիտահետազոտական նախագծերի խթանում ու փորձագետների փոխանակման իրականացում:

Է. Հարությունյանի խոսքով` 2011թվականից գործող կենտրոնում, բացի ամառային դպրոցից, կազմակերպվում են նաև դասընթացներ տարբեր թիրախային լսարանների համար հետևյալ ուղղություններով` Web, Java, Database տեխնոլոգիաներ, Linux օպերացիոն համակարգ, ցանցային կառավարում և տեղեկատվական անվտանգություն, մոբայլ ծրագրավորում (Android, iOS), զուգահեռ հաշվարկներ (PARAM), գրաֆիկական դիզայն (Corel Draw, Adobe Photoshop), մարքեթինգ և վաճառք, վիճակագրական վերլուծություն SPSS-ի օգնությամբ, ծրագրային կառավարում և MS Project 2010, մարդկային ռեսուրսների կառավարում և այլն:

Ըստ Է. Հարությունյանի ` 2011 թվականից մինչ օրս կենտրոնում կազմակերպվել է 307 դասընթաց` շուրջ 2000 սովորողների մասնակցությամբ, 60 սեմինար` հայ և հնդիկ շուրջ 1200 մասնագետների մասնակցությամբ:

Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»

http://nt.am/am/news/207043/