ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՀԱՐԳԵԼ ԵՆ ՀԱՅ ՍՈՑԻԱԼԻՍՏՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
http://armenpress.am/arm/news/809171/
Ստամբուլի հայերի կողմից հիմնված «Նոր Զարթոնք» նախաձեռնության անդամները Էդիրնեքափըի հայկական գերեզմանատան մոտ հարգանքի տուրք են մատուցել 1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված սոցիալիստ գործիչ Մաթեոս Սարգսյանի (Փարամազ) և 19 այլ հեղափոխական գործիչների հիշատակին:
Հավաքվածները հիշել են, թե ինչպես հունիսի 14-15-ը Ստամբուլի Բայազետ հրապարակում հայ գործիչները կախաղան բարձրացվեցին: «Պետությունն այդ օրվանից մինչ օրս ընդհանրապես չի փոխվել: Ինչպես դատեցին Փարամազին և նրա ընկերներին, այնպես էլ 301-րդ հոդվածով դատեցին Հրանտ Դինքին և դատապարտեցին մահվան:
Պետական դատարանը որոշում կայացրեց, որ Սևակ Բալըքչըն «դժբախտ պատահարի պատճառով» է զոհվել, իսկ Սամաթիայում հարձակման ենթարկված հայ կանանց և գազանաբար սպանված Մարիցա Քյուչուքի գործը դեռ չի բացահայտվել, շարունակվում է հայերին սպանողներին պարգևատրելու գործընթացը»,- նշել է «Նոր զարթոնք»-ի անունից հայտարարություն արած Սայաթ Թեքիրը` նշելով, որ մեր օրերում շարունակվում են հարձակումները հայկական մշակութային ժառանգության վրա: