ԹՈՒՐՔԻԱՆ ՀԵՏ ԿՈՒՂԱՐԿԻ ԵՄ-Ի ԶԵԿՈՒՅՑԸ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ. ԲՈԶՔԻՐ
Անկարան հետ կուղարկի Թուրքիայի վերաբերյալ Եվրախորհրդարանի՝ առաջընթացի զեկույցը: Hurriyet Daily News-ի փոխանցմամբ` նման հայտարարություն է արել Եվրամիության հարցերով նախարար Վոլքան Բոզքիրը:
Թուրք բարձրաստիճան պաշտոնյան մասնավորապես ասել է. «Մենք չենք ընդունում զեկույցը և հետ ենք ուղարկելու»: Ըստ պաշտոնյայի` զեկույցը չի արտահայտում ԵՄ - Թուրքիա իրական հարաբերությունները:
Թուրքիայի ԱԳՆ-ն ևս հայտարարել է, որ Եվրախորհրդարանի այս տարվա զեկույցը այդ կառույցի կողմից ընդունված «ամենատարաբախտ» որոշումներից մեկն է պարունակում:
Աղբյուրը պարզաբանում է, որ նման մոտեցման պատճառը 1915-ն է, ավելի ճիշտ Հայոց ցեղասպանության մասին հիշատակումները` ապրիլին Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևի հիման վրա, ինչը Թուրքիան չէր ընդունել: Այժմ թուրք պաշտոնյաները պնդում են, որ «1915-ի մասին փոփոխությունները» զեկույցում արվել են «վերջին րոպեին»: Բոզքիրը հավելել է, որ «այս հիշատակման բերումով էլ մենք անընդունելի ենք համարում զեկույցը: Բրյուսելում ԵՄ-ում մեր մշտական ներկայացուցիչը զեկույցը կվերադարձնի ԵՎրախորհրդարանին»:
Բոզքիրն ընդգծել է նաև հետևյալը. «Թուրքիան երբեք չի ընդունել ու երբեք էլ չի ընդունի այն,որ 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն կոչվեն», քանի որ ըստ թուրքերի դա «իրավական և պատմական հիմքեր չունի»:
Աղբյուրը իր կողմից նշում է, որ հայերը և մարդիկ ամբողջ աշխարհում ընդունում են, որ կատարվածը ցեղասպանություն էր:
http://www.tert.am/am/news/2015/06/10/ankara-ep-report/1703005