ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԿԵՆՏՐՈՆԱԿԱՅԱՆԸ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՈՒՆ»
Փարիզում կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակության այցելությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան: Պատվիրակության կազմում էին` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար, ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում պատվիրակությանը ողջունել է կազմակերպության գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, ով նշել է Հայաստանի ակտիվ մասնակցությունը կազմակերպության ծրագրերին:Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունն ու գործունեությունը` անդրադառնալով գործունեության 70 տարիների ընթացքում կազմակերպության հիմնական ձեռքբերումներին՝ մշակութային ժառանգության պահպանման և կրթական ծրագրերի իրականացման ոլորտներում: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շեշտադրել է չճանանչված պետություններում կրթության իրավունքի լիարժեք ապահովման անհրաժեշտությունը` հղում կատարելով Բոլոնյան գործընթացի երևանյան նախարարական համաժողովի կողմից ընդունված Երևանյան հռչակագրին:
Նույն օրը՝ երեկոյան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի լիագումար նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Երիտասարդությունը հանուն խաղաղության» համերգաշարի ամփոփիչ համերգը: Համերգաշարն անցկացվել է Հայաստանի Հանրապետության կողմից` ի նշանավորում ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70-ամյակի:
http://www.edu.am/index.php?id=7483&topMenu=-1&menu1=-2&menu2=-1