ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՄԱԴՐԻԴՈՒՄ
Հունիսի 1-ին Մադրիդի «Կոմպլուտենսե» համալսարանում տեղի ունեցավ հայտնի իսպանացի լրագրող, հրապարակախոս Անտոնիո Էլորսայի «Ցեղասպանություն. գրառումներ» գրքի շնորհանդեսը՝ ճանաչված իսպանացի պատմաբանների, իրավաբանների և համալսարանի պրոֆեսորական անձնակազմի մասնակցությամբ։
Գիրքը նվիրված է Ռաֆայել Լեմկինի կողմից «ցեղասպանություն» եզրույթի սահմանմանն ու մեկնաբանմանը, դրա իրավական, քաղաքական և սոցիալական նշանակությանը: Հեղինակը Հայոց ցեղասպանության օրինակով անդրադառնում է ցեղասպանությունների դրդապատճառներին, իրականացման մեխանիզմներին, իրավական ձևակերպումներին, անպատժելիության անթույլատրելիությանն ու դրա վտանգավոր հետևանքներին:
«Կոմպլուտենսե» համալսարանի գլխավոր քարտուղար, նախկին դատավոր Արասելի Մանխոն-Կաբեսան, ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց Անտոնիո Էլորսային գրքի համար: Ընդգրկուն անդրադարձ կատարեց միջազգային իրավունքով ցեղասպանություն հանցակազմի կագավորմանը, ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի դրույթներին, գործնականում այդ հանցագործության պատժելիությունն ապահովելու բարդություններին:
Իր հերթին «Կոմպլուտենսե» համալսարանի պատմության ամբիոնի տնօրեն Միրտա Նունյեսը խոսեց Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ իրենց ամբիոնի կողմից տարվող աշխատանքների մասին՝ կարևորելով Իսպանիայում թեմայի հասարակական հնչեղության ապաահովման ու համալսարանական շրջանակներում տեղեկացվածության կարևորությունը:
Քննարկումն ամփոփեց Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցն, ով շնորհակալություն հայտնեց հեղինակին և ներկաներին` ծավալված կարևոր քննարկման համար: Դեսպան Ադոնցը ներկայացրեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությունը, այս ասպարեզում վերջին զարգացումները, Իսպանիայի տեղեկատվական դաշտում, համալսարանական և գիտական շրջանակներում թեմայի ակտիվ քննարկման անհրաժետությունը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհուրդը և նշանակությունը հայ ժողովրդի և միջազգային հանրության համար:
http://www.mfa.am/hy/press-releases/item/2015/06/01/book_madrid/