• am
  • ru
  • en
Версия для печати
30.03.2015

ՓԱՐԻԶՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակներում մարտի 25-ին Փարիզի Սորբոնի համալսարանում մեկնարկեց Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժողովը: Ֆրանսիայի նախագահի բարձր հովանու ներքո անցկացվող միջոցառման բացման արարողությանը ներկա էին Ֆրանսիայի ազգային կրթության նախարար Նաժաթ Վալո-Բելկասեմը և Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիթեչյանը։ Գիտաժողովի բացման արարողությանը, որը կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների միջազգային գիտական խորհրդի (CSI) կողմից` հայտնի ցեղասպանագետ Իվ Տերնոնի ղեկավարությամբ, մասնակցեցին Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումները համակարգող հանձնախմբի (Mission 2015) ղեկավար Ալեքսի Գովցյանը, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը, գիտաժողովի գործընկեր հաստատությունների ղեկավարներ և հարյուրավոր հյուրեր: Բացման արարողությանը հաջորդեց գիտաժողովի առաջին նիստը, որի ընթացքում CSI նախագահ Իվ Տերնոնը ներկայացրեց Հայոց ցեղասպանության տարեգրությունը և առանձնահատկությունները: Անդրանիկ նիստին խոսքով հանդես եկան քաղաքագետ Կայծ Մինասյանը, պատմաբաններ Ռայմոն Գևորգյանը, Կլեր Մուրադյանը, Միքայել Նիշանյանը և թուրք հասարակագետ Համիտ Բոզարսլանը: Քառօրյա գիտաժողովի հաջորդ նիստերը, որոնց մասնակցում են տասնյակ երկրների մոտ 70 գիտնականներ, շարունակվել են մարտի 26-ին Հոլոքոստի հուշահամալիրում, մարտի 27-ին Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոցում և մարտի 28-ին Ֆրանսիայի Ազգային գրադարանում:

http://168.am/2015/03/26/472080.html