• am
  • ru
  • en
Версия для печати
04.06.2015

ՀԱՅ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Թուրքիայում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունները հրապարակել են վերջնական ընտրացուցակները: Արդարություն և զարգացում (ԱԶԿ), Ժողովրդա-հանրապետական (ԺՀԿ) և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունները (ԺԴԿ) առաջադրել են Թուրքիայի քաղաքացի հայերի թեկնածություններ: Քրդամետ ԺԴԿ-ն Ստամբուլից ներկայացրել է պոլսահայ Կարո Փայլանի թեկնածությունը: Թուրքիայի կառավարող Արդարություն և զարգացում կուսակության ցուցակում առաջին անգամ ծագումով հայ թեկնածու է ընդգրկվել: Ստամբուլի երկրորդ տեղամասի ցուցակում է հայտնվել Մարգար Եսայանը, որն աշխատում է կառավարամետ Yeni Safak թերթում և հանդես է գալիս հիմնականում իշխանամետ հոդվածներով և ելույթներով: Երկար ժամանակ է՝ խոսվում էր Մարգար Եսայանի թեկնածության առաջադրման մասին: Սակայն նա զբաղեցրել է սպասվածից ավելի ցածր տեղ. նա Ստամբուլի երկրորդ տեղամասի ցուցակի 12-րդ հորիզոնականում է: «Ակօսը» ընտրացուցակների գլխավոր անակնկալ է համարում հայազգի Սելինա Դողանի թեկնածությունը, որին առաջադրել է քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցությունը: Այս կուսակցությունից պատգամավորության թեկնածու առաջադրվելու համար դիմել էր հայկական Սուրբ Հակոբ հիվանդանոցի հանրային կապերի պատասխանատու, հայազգի Թալին Էրգյունեշը: Սակայն վերջին պահին քեմալական կուսակցությունը կանգնել է Սելինա Դողանի թեկնածության վրա: Ընդ որում, նա ևս առաջադրվել է Ստամբուլի երկրորդ տեղամասից, ինչը նշանակում է, որ նա ինչ-որ չափով Մարգար Եսայանի մրցակիցն է: Սելինա Դողանը հայտնել է, որ իր թեկնածության առաջադրումն ապացույցն է այն բանի, որ ԺՀԿ ներսում լուրջ փոփոխություններ են ընթանում:

http://civilnet.am