
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ 4 ՀԱԶԱՐ ՈՉԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՌԴ Արդարադատության նախարարությունում տեղեկացրել են, որ վերջին երկու տարում «երրորդ սեկտորի» ֆինանսավորումը կասկածելիորեն ավելացել է ավելի քան 10 անգամ, տեղեկացրել է «Իզվեստիան»։ Արդարադատության նախարարության տվյալներով՝ 2014թ. արտասահմանյան ֆինանսավորում է ստացել 4 հազ. 108 ռուսական ՈԱԿ՝ ավելի քան 70 մլրդ ռուբլու չափով։ Համեմատության համար նշենք, որ 2012թ. արտասահմանյան օժանդակություն ստացել է 458 ոչառևտրային կազմակերպություն՝ ավելի քան 4 մլրդ ռուբլու չափով, իսկ 2013-ին այն ստացել է 2705 կազմակերպություն՝ 37 մլրդ ռուբլու չափով։ Ինչ վերաբերում է ՈԱԿ աջակցությանը դաշնային բյուջեից, ապա այս տարի նախագահական գրանտների ընդհանուր գումարը կկազմի 4,2 մլրդ ռուբլի։ Դա գրեթե կրկնակի շատ է, քան 2014-ին, երբ տրամադրվել էր 2,7 մլրդ ռուբլի։ «Մենք ոչ մի դեպքում չենք կարող արտասահմանյան աջակցություն ստացող 4 հազար 108 կազմակերպություն համարել օտարերկրյա գործակալներ։ Ավելին, մենք վստահ ենք, որ այդ փողերի զգալի մասն իսկապես հատկացվում է հանրայնորեն օգտակար նախագծերին՝ ինչպես ռուսական, այնպես էլ միջազգային։ Բայցևայնպես, միամտություն կլինի կարծել, թե մենք ընդամենը 52 օտարերկրյա գործակալ ունենք և որ մեր «արևմտյան գործընկերները», մի կողմից, մեր դեմ տարբեր տնտեսական պատժամիջոցներ են ներդնում, մյուս կողմից էլ անհատույց օգնում են մեր սոցիալական կողմնորոշում ունեցող ՈԱԿ-ներին»,- ասել է ՌԴ Հանրային պալատի փոխնախագահ Ալեքսանդր Բրեչալովը։
http://www.vz.ru/news/2015/4/13/739616.html
