
ԱՄՆ-Ը ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻՑ ՏՎՅԱԼՆԵՐ Է ՀԱՎԱՔՈՒՄ
ԱՄՆ լրատվամիջոցներում հայտնվել է բջջային հեռախոսների միջոցով քաղաքացիների գաղտնալսման նոր տեխնոլոգիայի մասին տեղեկատվություն։ ԱՄՆ իշխանություններն ամերիկացիների բջջային հեռախոսներից տվյալներ են հավաքում հատուկ սարքավորման օգնությամբ, որը տեղադրված է թեթևշարժիչային ինքնաթիռներում, և որոնք նման են բջջային կապի աշտարակների։ The Wall Street Journal-ի տվյալների համաձայն՝ Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ արդարադատության նախարարության դատական կարգադրիչների ծառայության կողմից 2007 թվականից: Սարքավորումը, թերթի տեղեկություններով, տեղադրված է Cessna ինքնաթիռներում, որոնք թռիչքներ են իրականացնում ԱՄՆ տարբեր մասերում գտնվող հինգ խոշոր օդանավակայաններից: Ինքնաթիռները համալրված են սարքավորումներով, որոնք հեռահաղորդակցության խոշոր կազմակերպությունների բազային կայանների պատրանք են ստեղծում։ Բջջային հեռախոսներն այնպես են ծրագրված, որ դրանք ավտոմատ կերպով միանում են, այսպես կոչված, բազային կայանին։ Այդպիսով, հեռախոսներն ուղղակիորեն միանում են «լրտեսող» սարքավորմանը և իրականացնում տվյալների փոխանակում։ Սարքավորումը, որը ստեղծել է Boeing կորպորացիան, գործում է բջջային աշտարակների սկզբունքով և թույլ է տալիս առանց բջջային օպերատորների միջամտության մեկ թռիչքի ընթացքում տասնյակ հազարավոր բջջային հեռախոսներից հավաքել գրանցման տեղեկությունը՝ ֆիքսելով դրանց սեփականատերերի գտնվելու վայրը մինչև երեք մետր հստակությամբ: Սարքավորումը թույլ է տալիս նաև հեռակա կարգով արգելափակել հեռախոսից եկող ազդանշանը և պատճենել տվյալները, ներառյալ՝ sms-հաղորդագրություններն ու լուսանկարները: Ակտիվիստները քննադատեցին այս ծրագիրը։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները գտնում են, որ թեև ծրագրի շնորհիվ դատական կարգադրիչները հետևում են անձանց, ովքեր քննության տակ են գտնվում, այդ թվում՝ մարդասպաններին և թմրավաճառներին, սակայն այդ ընթացքում գերատեսչության հսկողության տակ են հայտնվում տեղեկություններ նաև այն անձանց մասին, որոնք ոչ մի բանի համար չեն կասկածվում:
«Guardian»-ը ԱՄՆ ցանցային սարքավորումներում տեղադրված գատնալսող սարքերի մասին
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը (ԱԱԳ) գաղտնալսող սարքեր է տեղադրում ամերիկյան արտադրության ցանցային սարքավորումների մեջ, մինչև դրանք արտասահմանյան գնորդներին ուղարկելը։ Բրիտանական «Guardian» թերթի փոխանցմամբ՝ էլեկտրոնային լրտեսության այդպիսի միջամտությունը թույլ է տալիս լրտեսել համացանցի մի ամբողջ սեգմենտ։ Այսպիսի տեղեկություններ կան «Guardian»-ի նախկին լրագրող Գլեն Գրինվալդի նոր գրքում, որը Սնոուդենի տրամադրած տեղեկատվության հիման վրա ներկայացված առաջին նյութերի հեղինակն է։ Լրագրողի տվյալներով՝ ԱԱԳ-ն ստանում է արտասահմանի համար նախատեսված սարքավորումների խմբաքանակը։ Այնուհետև գործակալության մասնագետներն այդ սարքավորումների մեջ տեղադրում են հետապնդման գաղտնի միջոցներ, որից հետո նորից փաթեթավորում են տեխնիկան՝ գործարանային կնիքներ օգտագործելով, ուղարկելով դրանք գնորդներին։ Այս ձևով ԱԱԳ-ի համար հասանելի են դառնում ցանցը և օգտատերերը։
Մեծ Բրիտանայի բուհերը «կիբեռլրտեսների» սերունդ են պատրաստում
Բրիտանիայի 6 համալսարան թագավորության էլեկտրոնային հետախուզության կողմից հավաստագրեր են ստացել, որոնց միջոցով Կառավարական հաղորդակցության շտաբը ձեռնամուխ է եղել կիբեռանվտանգության ոլորտում ազգային ռազմավարության իրականացմանը, որը ներկայացվել էր 3 տարի առաջ։ Հավանության արժանացած բուհերը կզբաղվեն «կիբեռլրտեսների» նոր սերնդի և կիբեռանվտանգության ոլորտի քաղաքացիական փորձագետների պատրաստմամբ, նշում է «Times» թերթը։ Ենթադրվում է, որ այս քայլը կօգնի իշխանություններին Մեծ Բրիտանիան դարձնել առաջատար առցանց բիզնեսի անվտանգության ոլորտում և ապահովել «առավել ապահով թվային միջավայր»։ Ընտրված բուհերը ֆինանսավորվում են Ինժեներական և բնական գիտական հետազոտությունների խորհրդի կողմից։ 2014թ. ապրիլին հայտարարություն տարածվեց, որի համաձայն՝ Կառավարական հաղորդակցության շտաբը մշակել է «լրտեսների համալսարանական դիպլոմի ստանդարտը»։ Մարտին համապատասխան փաստաթուղթն ուղարկվել է կիբեռանվտանգության հարցերով զբաղվող բուհերին։ Հավատարմագրման արդյունքների հրապարակումից հետո հաստատվեցին հետևյալ համալսարանների մագիստրոսական ծրագրերը. Օքսֆորդի համալսարանի «Ծրագրային ապահովում և անվտանգության համակարգեր» ծրագիր, Էդինբուրգի համալսարանի «Առաջադեմ անվտանգություն և թվային քրեագիտություն» ծրագիր, Լանքասթերի համալսարանի «Կիբեռանվտանգություն» ծրագիր։ Լոնդոնի համալսարանին կից Ռոյալ Հելլոուեյ բուհի «Տեղեկատվական անվտանգություն» ծրագիրն արժանացավ Կառավարական հաղորդակցության շտաբի հավանությանը։ Նախնական հավանության արժանացան Քրենֆիլդի համալսարանի «Կիբեռպաշտպանության և ինֆորմացիայի ապահովագրության» ծրագիրը և Սուրեյ կոմսության «Տեղեկատվական անվտանգության» կուրսը։
«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 11-12, 2014