
ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԿԻԲԵՌԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Ավելի քան 200 կազմակերպություն և Տեղեկատվական անվտանգության 400 մասնագետ 29 երկրներից անց են կացրել պատմության մեջ խոշորագույն կիբեռդասընթացը։ Նպատակն էր ստուգել կիբեռհարձակումներից պաշտպանվելու համատեղ գործողությունների արդյունավետությունը։ Cyber Europe 2014 դասընթացում ներգրավվել են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ։ Որպես այս միջոցառման կազմակերպիչ հանդես է եկել Ցանցային և տեղեկատվական անվտանգության եվրոպական գործակալությունը (European Network and Information Security Agency, ENISA). ENISA այսպիսի միջոցառումներն անցկացվում են տարին մեկ անգամ՝ ՆԱՏՕ կիբեռդասընթացներին զուգահեռ։ Սակայն այս միջոցառումն ավելի մասշտաբային էր և բաղկացած էր 3 փուլից.
1. Տեխնիկական գործողությունների փուլ (հարձակումների հայտնաբերում և վերլուծություն, որն իրականացվել էր ապրիլին)։
2. Օպերատիվ/ մարտավարական գործողությունների փուլ, որը տեղի ունեցավ այս միջոցառման ժամանակ):
3. Ռազմավարական գործողությունների փուլ, որը տեղի կունենա 2015թ. սկզբին։
ԱՄՆ-ում հայտնաբերվել է «երկրորդ Սնոուդեն»
Yahoo News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն բացահայտել է կապալառու ընկերության մի աշխատակցի, ով օգոստոսի սկզբին կարող էր կառավարական գաղտնի տեղեկատվություն փոխանցել Intercept պարբերականին: Հակահետախույզները խուզարկություն են անցկացրել Էդ. Սնոուդենի հավանական համակրի տանը: Կասկածյալը ԶԼՄ-ին է հանձնել գաղտնի փաստաթղթեր, որոնք առնչվում են այն անձանց ցուցակին, որոնք կարող են լինել ահաբեկիչներ: ԶԼՄ-ում հայտնված գաղտնի նյութերն ավելի ուշ հրապարակվել են Intercept էլեկտրոնային պարբերականում, որի աշխատակիցներից մեկը Սնոուդենի հետ աշխատած ամերիկացի լրագրող Գլեն Գրինուոլդն է: Այդ փաստով Հյուսիսային Վիրջինիայում հարուցվել է քրեական գործ:
«Яндекс»-ը առաջարկել է խոսքը տեքստի վերածելու հնարավորություն
«Яндекс» ընկերությունը թողարկել է բջջային սարքերի համար ցուցադրական հավելված, որը նախատեսված է խոսքի տեքստային ձայնագրման և դրա ձայնային վերարտադրման համար։ Այս մասին ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Հավելվածն աշխատում է ընկերության մշակած խոսքի ճանաչման երեք նոր գործառույթներով։ Այդ գործառույթներն ապահովում են հավելվածի ձայնային ակտիվացիան, իմաստային օբյեկտների առանձնացումը և ձայնագրված տեքստից խոսքի սինթեզը։ Խոսքը տեքստի վերածելու գործառույթն ընկերությունը մշակել էր ավելի վաղ։ Ձայնային ակտիվացիան հնարավորություն է տալիս միացնել հավելվածը ձայնային հրահանգի միջոցով, առանց որևէ կոճակ սեղմելու։ Դրանից հետո ծրագիրը սկսում է գրանցել ձայնագրվող խոսքը տեքստի ձևով։ Տեքստային ձայնագրությունը նաև կարելի է խմբագրել ձայնային հրահանգների շնորհիվ (օրինակ՝ «Ջնջի՛ր վերջին արտահայտությունը» և «Ջնջի՛ր վերջին նախադասությունը»)։ Ըստ ծրագրավորողների՝ հրահանգի ձևակերպումը չի ազդի արդյունքի վրա, քանի որ իմաստային օբյեկտների առանձնացման ֆունկցիան հնարավորություն է տալիս խմբագրման համար օգտագործել ոչ ստանդարտ, այլ կամայական հրահանգներ։ Սղագրված տեքստը հնարավոր է նաև հետ վերածել ձայնագրության։ Ցուցադրական հավելվածը հասանելի է «Яндекс.Store» ինտերնետ-խանութում բեռնման համար, ավելի ուշ մշակողները մտադիր են այն տեղակայել Google Play և App Store-ում։
Հայալեզու առցանց բացատրական և թարգմանչական բառարան 10 լեզուներով
Հայաստանում արդեն առկա է հայոց լեզվի (արևելահայերեն, արևմտահայերեն, գրաբար) բացատրական և թարգմանչական 10 օտար ՝ անգլերենով, ռուսերենով, թուրքերենով, ֆրանսերենով, գերմաներենով, թալիշերենով, լեզգիերենով, լատիներենով, քրդերենով առցանց բառարան, որը համացանցում հասանելի է www.translator.am հասցեով: Այս բառարանն այսօրվա դրությամբ ամենածավալունն է, և ստեղծողները կարծում են, որ կարող է էական ազդեցություն ունենալ հայոց լեզվի պահպանման և զարգացման գործում: Նշենք, որ բառարանի որակը վերահսկելու է հենց Լեզվի պետական տեսչությունը: