19.02.2015
ՍԱՀՄԱՆԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՑ ԿՈՒՏԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԵՐԵՎԱՆՆ ԻՐԵՆ Է ՎԵՐԱՊԱՀՈՒՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՀԱՐՎԱԾՆԵՐ ՀԱՍՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Սահմանին և շփման գծի երկայնքով ավելի մեծ և սպառնալից կուտակումների պարագայում հայկական կողմն իրեն է վերապահում կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարին կից կոլեգիայի և հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ: «Մենք պատերազմ հրահրելու որևէ պատճառ չունենք: Մենք ինքներս միջադեպեր չենք հրահրում: Դուք դրա մասին շատ լավ գիտեք: Եվ մենք երբեք նախահարձակ չենք լինում: Դա մեզ պետք չի բնավ: Սակայն մեր հանդեպ ձեռնարկված ցանկացած միջադեպի հետևել և հետևելու է հատուցման գործողություն»,– ընդգծել է երկրի ղեկավարը։ Ըստ նրա, մինչև վերջերս ձեռնարկած պատասխան գործողությունները եղել են սիմետրիկ իրենց ձևով և ասիմետրիկ՝ ավելի մեծ կորուստներ հասցնելու առումով: «Այսուհետ կարող են տեղի ունենալ նաև ձևով ասիմետրիկ հատուցման գործողություններ: Տաք գլուխները բազմաթիվ անակնկալների պիտի սպասեն: Ավելին, մեր սահմաններին և շփման գծի երկայնքով ավելի մեծ և սպառնալից կուտակումների պարագայում, մենք մեզ վերապահում ենք կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը»,– ասել է ՀՀ նախագահը։
http://www.arka.am