24.02.2015
ԱՄՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ԿԻԲԵՌՊԱՏԵՐԱԶՄԻ
Էդվարդ Սնոուդենի կողմից հրապարակված և Spiegel պարբերականի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը խոսում են այն մասին, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը (ԱԱԳ) զինում է ԱՄՆ-ին կիբեռտարածությունում հետագա պատերազմների համար, որոնց մեջ կարևոր դեր պետք է խաղա ինտերնետը։ Պատրաստությունների նպատակն է ձեռք բերել կիրառական ցանցերը կաթվածահար անելու հնարավորություն, որի շնորհիվ հնարավոր կլինի խափանել ձեռնարկությունների (այդ թվում՝ էլեկտրակայանների, ջրամատակարարման համակարգերի, գործարանների, օդանավակայանների, ինչպես նաև ֆինանսական ինստիտուտների) աշխատանքը։ 20-րդ դարում ստեղծվել են ատոմային, կենսաբանական և քիմիական զենքերը։ Այսօր ստեղծվում է նոր՝ թվային զենք ինտերնետում պատերազմելու համար։ Սակայն ոչ մի միջազգային հա-մաձայնագիր, ոչ մի միջագային կազմակերպություն չի կարգավորում այս թվային զենքը։ Այստեղ գործում է միայն մեկ օրենք. հաղթում է ուժեղագույնը, գրում է Spiegel պարբերականը։ Այսօր կիբեռմիավորներ ունեն ԱՄՆ ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային ուժերը։ Սակայն ԱԱԳ-ն այդ առումով առաջատարն է ըստ Spiegel պարբերականի։ Պատահական չէ, որ ԱԱԳ ղեկավար Մայքլ Ռոջերսը նաև զբաղեցնոմ է ԱՄՆ կիբեռհրամանատարի պաշտոնը, ում ենթակայության տակ են գտնվում մոտ 40 հազ. զինծառայողներ, որոնք զբաղվում են լրտեսությամբ և իրականացնում են կիբեռհարձակումներ։ Ռազմական տեսանկյունից լրտեսությունը միայն կիբեռնետիկ պատերազմների առաջին փուլն է, որն անհրաժեշտ է թշնամու ինֆորմացիոն համակարգերի խոցելի կետերի հայտնաբերման համար։ Դրանից հետո սկսվում է երկրորդ փուլը՝ գաղտնալսող սարքերի տեղադրումը։ Երրորդ փուլը ԱԱԳ փաստաթղթերում նշված է որպես «վերահսկողություն»։ Այս փուլում գործակալությունը հնարավորություն է ստանում «վերահսկելու և ոչնչացնելու կրիտիկական կարևորության համակարգերը», այսինքն՝ էլեկտ-րացանցերը, կապի միջոցները, տրանսպորտը։ ԱԱԳ շնորհանդեսներից մեկի ժամանակ ասվել է, որ հաջորդ խոշոր համաշխարհային կոնֆլիկտը սկսվելու է կիբեռտարածությունում, այդ պատճառով գործակալության կարևորագույն խնդիրներից է այդ հակամարտությանը նախապատրաստվելը։ Վերջին տարիների ընթացքում հայտնվել են ԱԱԳ և Five eyes միության (միության մեջ ընդգրկված են ԱՄՆ-ն, Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան և Նոր Զելանդիան) կողմից ստեղծված վիրուսներ, գրում է Spiegel-ը՝ հղում անելով անանուն փորձագետներին։ Փաստաթղթերում նշվում է ԱԱԳ գործունեության այլ մանրամասներ։ «Այս պատերազմում ցանկացած ինտերնետ օգտատեր, ցանկացած պահի կարող է դառնալ ԱԱԳ-ի զոհը»,- գրում է Spiegel պարբերականը։ Հատուկ ծառայությունները սակայն ոչ մի պատասխանատվություն չեն կրում այս գործողությունների համար, քանի որ նրանց հաջողվում է թաքցնել հարձակումների իրական աղբյուրները։
http://www.cnews.ru/news/top/index.shtml?2015/01/20/591790