
FREEDOM HOUSE-Ը ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է «ՀԱՄԱՑԱՆՑԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ – 2014» ԶԵԿՈՒՅՑԸ
Նյու Յորքում բազավորված Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ 4-րդ տարին անընդմեջ աշխարհում նկատվում է համացանցի ազատության ոլորտում տիրող իրավիճակի վատթարացում: Այդ գործընթացը հատկապես նկատելի է Ռուսաստանում, Ուկրաինայում ու Թուրքիայում: Կազմակերպությունը հրապարակել է «Համացանցի ազատություն–2014» զեկույցը, որում նշել է, որ համացանցի ազատությունն ամենաշատը խախտում են Սիրիայում, Իրանում ու Չինաստանում: Փաստաթուղթն ընդգրկում է 2013թ. մայիսից մինչև 2014թ. մայիսն ընկած ժամանակահատվածը: Դրանում 100 միավորանոց սանդղակով գնահատական է տրվել 65 երկրում համացանցի ու թվային մեդիայի ազատության մակարդակին: 0-30 միավոր ստացած երկրները համարվում են համացանցի ազատություն ունեցող երկրներ, 31-60 միավոր ստացած երկրներում համացանցի ազատությունը մասնակի է, իսկ 61-100 միավոր ստացած երկրները համարվում են համացանցի ազատություն չունեցող երկրներ: Ռուսաստանը ստացել է 60 միավոր, զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ վերջին 5 տարում Ռուսաստանում համացանցի ազատության մակարդակը նվազել է 11 կետով: 2012թ. նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի ընտրվելուց հետո իշխանությունները, առանց դատական ընթացակարգի, արգելափակում են ընդդիմադիր բնույթի նյութերը: Արգելափակվում են այն կայքերը, որոնք ճանաչվում են որպես «ծայրահեղական», կամ որոնցում կոչեր են պարունակվում բողոքի ակցիաներ անցկացնելու մասին: Իշխանությունները նաև միջոցներ են ձեռնարկում այն կայքերի դեմ, որոնք քննադատում են Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները: Զեկույցի համաձայն` համացանցի ազատություն կա Վրաստանում` 26 միավոր, ու Հայաստանում` 28 միավոր (նախորդ տարվա զեկույցում Հայաստանը ստացել է 29 միավոր): Հայաստանի բնակչության թիվը նշված է 3 մլն մարդ, 2013թ. վերջի դրությամբ համացանցից օգտվում է 46 տոկոսը, մինչդեռ 2012թ. այն կազմել է 39 տոկոս: Ուկրաինան ստացել է 33 միավոր, Ղրղզստանը` 34, Ադրբեջանը` 55, իսկ Ղազախստանը` 60 միավոր: Համացանցի ազատություն չկա Իրանում` 89 միավոր, Ուզբեկստանում` 79, Պակիստանում` 69 և Բելառուսում` 62 միավոր:
http://168.am/2014/12/04/433556.html