
ԱՄՆ-Ը ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԻՐԱՆԻՆ ԴԻՄԵԼ ՈՒԺԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ
Միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի պարտականությունները չկատարելու դեպքում ԱՄՆ-ը կնախատեսի տարբեր պատասխան միջոցառումներ, ներառյալ ռազմականը։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը։ «Եթե մենք պարզենք, որ Իրանը որևէ կերպ շրջանցում է համաձայնագրի պայմանները, այդ ժամանակ նախագահը հնարավոր գործողությունների մի ամբողջ հավաքածու կունենա։ Դրանք հավելյալ պատժամիջոցներն են, նոր, միջազգային հանրության հետ համաձայնեցված քայլերը կամ նույնիսկ ռազմական միջոցները»,- ասել է Էռնեստը։ Նա, Associated Press-ի տեղեկացմամբ, մեկնաբանել է նաև 47 հանրապետական սենատորների բաց նամակը՝ ուղղված Իրանի ղեկավարությանը, որում նրանք Թեհրանին նախազգուշացրել են, որ ցանկացած համաձայնագիր միջուկային ծրագրի վերաբերյալ կիրառելի կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Բարաք Օբաման կգտնվի ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Ինչպես կարծում է Սպիտակ տան ներկայացուցիչը, հանրապետականներն այդ կերպ ուզում են անմիջապես անցնել ուժային մեթոդների՝ դիվանագիտությանը որևէ հնարավորություն չտալով։
http://3mv.ru/publ/ssha_prigrozili_iranu_silovoj_operaciej/1-1-0-39747