
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՍԶՈՒՊ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
Ռուսաստանի Դաշնությունը մարտի 11-ից դադարեցնում է մասնակցությունը Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի Համատեղ խորհրդատվական խմբի նիստերին, և այսպիսով Ռուսաստանի կողմից 2007թ. հայտարարված՝ ԵՍԶՈՒՊ գործողության դադարեցումը դառնում է լիակատար, հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում։ «Ռուսական կողմը երկար տարիներ արել է հնարավոր ամեն բան սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմի կենսունակությունը պահպանելու համար, եղել է ԵՍԶՈՒՊ ադապտացման բանակցությունների նախաձեռնողը, վավերացրել է Ադապտացիայի մասին համաձայնագիրը»,- ասել է ՌԴ պատվիրակության ղեկավար Անտոն Մազուրը Վիեննայում ընթացող բանակցություններում (ռազմական անվտանգության և սպառազինությունների վերահսկման հարցերի վերաբերյալ)։ Ըստ նրա՝ ՆԱՏՕ երկրները, ցավոք, «փաստորեն նախընտրեցին շրջանցել ԵՍԶՈՒՊ դրույթները՝ ի հաշիվ դաշինքի ընդլայնման, միաժամանակ մտացածին պատրվակներով խոչընդոտելով, որպեսզի Ադապտացման մասին համաձայնագիրն ուժի մեջ մտնի»։ «Այս գիծը, չնայած մեր բազմակի նախազգուշացումներին սպառազինությունների վերահսկման ռեժիմի համար դրա կործանարարության մասին, հանգեցրեց անխուսափելի արդյունքի՝ Ռուսաստանի Դաշնությունը 2007թ. դադարեցրեց ԵՍԶՈՒՊ գործողությունը»,- ասել է Մազուրը։ Նա ընդգծել է, որ ռուսական կողմի այս քայլը «չի նշանակում նրա հրաժարում հետագա երկխոսությունից Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկողության մասին, եթե մեր գործընկերները հասունանան դրա համար»։ Միևնույն ժամանակ, Մոսկվան նախկինի պես պատրաստ է սպառազինությունների վերահսկման նոր ռեժիմի ուղղությամբ կատարվելիք համատեղ աշխատանքին, «որը կհամապատասխանի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ եվրոպական այլ պետությունների շահերին»,- նշել է դիվանագետը։ Մազուրը Բելառուսին խնդրել է ներկայացնել ՌԴ շահերը Համատեղ խորհրդատվական խմբում։
http://ria.ru/defense_safety/20150310/1051832783.html#ixzz3U4YNafef