
ՓԱՐԻԶՈՒՄ ԵՂԵՌՆԻ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԿԲԱՑՎԻ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կստեղծվի Մեծ եղեռնի Հիշողության կենտրոն: Նախաձեռնությունը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբինն է` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի աջակցությամբ: «Ֆրանսուա Օլանդն այս ծրագրի մղիչ ուժն է: Նա ցանկանում է, որ այս նախաձեռնությունն իրականություն դառնա: Երբ համայնքի անդամները 2012թ. հանդիպեցին Ֆրանսիայի նախագահին, այս հարցը նույնպես քննարկվեց, և նա հաստատեց ծրագիրը: Պայմանավորվածության համաձայն` Փարիզի քաղաքապետարանը շենք է տրամադրելու հայ համայնքին` կենտրոնի բացման համար, սակայն կառույցը պատկանելու է ոչ թե համայնքին, այլ քաղաքապետարանին: ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի անդամ Մուրադ Փափազյանը շեշտում է, որ Հիշողության կենտրոնի նախաձեռնությունն ամենայն հավանականությամբ իրականություն կդառնա աշնանը: Հիշողության կենտրոնում կգործեն ցուցասրահ, աշխատասենյակներ, որտեղ ուսանողները կկարողանան ուսումնասիրություններ կատարել, նաև դահլիճ, որտեղ կանցկացվեն կոնֆերանսներ, դասախոսություններ, հանդիպումներ Հայ դատի հանձնախմբի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Թեպետ հիշողության կենտրոնը նվիրված է լինելու Հայոց ցեղասպանությանը, սակայն նախատեսվում է, որ միջոցառումներ և դասախոսություններ կանցկացվեն մարդկության դեմ գործած այլ հանցագործությունների մասին ևս:
http://www.armedia.am