
15 ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ապրիլի 13-ին կայացավ ՀՀ Սփյուռքի նախարարության հովանավորությամբ և պատվերով հրատարակված 15 գրքի, ինչպես նաև Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ և նախարարության աջակցությամբ տպագրված «Կրկին կվերակառուցենք» խորագրով օրացույցի շնորհանդեսը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության խնդիրներին վերաբերող՝ ՀՀ Սփյուռքի նախարարության պատվերով և հովանավորությամբ հրատարակված գրքերին՝ նախարարը նշեց, որ գերատեսչությունն արդյունավետորեն համագործակցում է հայաստանյան և սփյուռքյան մի շարք գիտահետազոտական կառույցների և կազմակերպությունների հետ, և նախարարության պատվերով հրատարակված 15 գրքերն այդ համագործակցության պտուղներն են:
Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց «Ցավի, հիշողության և պայքարի կոթողներ» պատկերագիրքը, որտեղ ներկայացված են Հայաստանի Հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և աշխարհի տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողների 403 լուսանկարներ, տրված են տեղեկություններ այդ հուշակոթողների վերաբերյալ: Պատկերագիրքը հինգ լեզվով է (հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, թուրքերեն): Գիրքը 2010թ. լույս տեսած պատկերագրքի լրամշակված և վերահրատարակված տարբերակն է:
ՀՀ սփյուռքի նախարարը ներկայացրեց նաև քաղաքագետների և միջազգայնագետների «21-րդ դարի մարտահրավերները և Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները» համահայկական համաժողովի նյութերի ժողովածուն, իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի նյութերի «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» ժողովածուն:
Շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, գիտնականներ, վերլուծաբաններ, հետազոտողներ, պատմաբաններ, օսմանագետներ, թուրքագետներ, իրավաբաններ, գիտաշխատողներ, դասախոսներ ՀՀ ԳԱԱ-ից, ԵՊՀ-ից, «Նորավանք» ԳԿՀ-ից, այլ կառույցներից, կազմակերպություններից:
ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն ամփոփ անդրադարձավ «Հայոց ցեղասպանությունը միջազգային իրավական փաստաթղթերում» ժողովածուին, որում ներկայացված են Հայոց ցեղասպանությանը վերաբերող կարևորագույն միջազգային իրավական փաստաթղթերը: Դրանցում շոշափվում են «Ցեղասպանություն» հասկացությունը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին վերաբերող հարցեր, դրան առնչվող միջազգային դատական ատյանների որոշումներ: Փաստաթղթերի մեծ մասը հայերեն լեզվով ներկայացվում է առաջին անգամ:
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը ներկայացրեց «Բաքու քաղաքի հայության պատմությունը» աշխատությունը (Գ.Ստեփանյան), որտեղ Բաքվի հայ բնակչության պատմաժողովրդագրական համահավաք պատկերն է` վաղ ժամանակներից մինչև 1990թ. հունվարը ներառյալ: Գրքում մատենագիտական և վիմագիր աղբյուրների համալիր ուսումնասիրությամբ հիմնավորվել է Ապշերոնյան թերակղզում և Բաքվում հայերի տեղաբնակ և մշակութակերտ լինելը:
Աշոտ Մելքոնյանի ներկայացմամբ շնորհանդեսի մասնակիցները ծանոթացան «Հայերը Օսմանյան կայսրության վերջալույսին» («Armenians at the twilight of the Ottoman era») աշխատությանը (Ոսկան Մխիթարյան, Հայր Վահան ծ. վրդ. Օհանյան, News Reports From The International Press, Volume I, The New York Times 1890-1914): Ստվարածավալ աշխատությունը հրատարակվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ ՀՀ Սփյուռքի նախարարության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հովանավորությամբ և «Փյունիկ» համահայկական մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի աջակցությամբ:
Հատորը պարունակում է ցեղասպանությանը նախորդած ժամանակաշրջանի նյութերը (1890-1914թթ.): Հատորում զետեղված են հոդվածներ, խմբագրականներ, պարզաբանումներ և նամակներ՝ ուղղված «New York Times»-ի խմբագրությանը: Հատորի նյութերի 60 տոկոսը ներառում է 1894-1896թթ. ժամանակաշրջանը: Առավել ուշագրավ են 1908-1910թթ. լույս ընծայված հոդվածները:
Ա.Մելքոնյանն անդրադարձավ նախարարության ջանքերով կազմված, հայերեն և անգլերեն լեզուներով հրատարակված «Հայկական պետության սահմաններն՝ ըստ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի» գրքին, որում ներկայացվում են ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը (1856-1924թթ.) և պաշտոնական նամակը Դաշնակից տերությունների (Անտանտ) Գերագույն խորհրդի նախագահին: Գրքին կից ներկայացվում է նաև ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից որոշված սահմանի քարտեզը:
Բանախոսը ներկայացրեց «Գրիգոր Գուլգուլյանի գործը: Վրեժ սպանված հոր և եղբայրների համար» գիրքը, որտեղ հայ վրիժառու Գրիգոր Գուլգուլյանի դատավարության ռուսերեն սղագրության թարգմանությունն է (խմբ.՝ Հ.Զատիկյան, ռուսերենից թարգմ.՝ Ա.Պետրոսյան):
ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը խոսեց «Արտերկրում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության իրավական կարգավիճակը (Թուրքիա, Իսրայել, Հնդկաստան)» գրքի մասին (փորձագետներ՝ Լ.Միրզոյան, Լ.Կարապետյան, գիտական խմբագիրներ` Ա.Ղազինյան, Ա.Մկրտչյան): Գրքում փորձ է արվել գիտահետազոտական աշխատանքի մակարդակով ներկայացնել Թուրքիայում, Իսրայելում և Հնդկաստանում հայկական պատմամշակութային ժառանգության առկա իրավական խնդիրներին առնչվող ամենաբազմաբնույթ հարցերը, ինչպիսիք են այդ ժառանգության բաղկացուցիչ մաս հանդիսացող պատմամշակութային արժեքների օտարումը, արտահանումը, վնասելու կամ ոչնչացնելու համար առաջացող պատասխանատվությունը:
Ճարտարապետների և ճարտարագետների ընկերակցության համանախագահ Գոհար Թութունջյանը ներկայացրեց ընկերակցության նախաձեռնությամբ և ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ ստեղծված «Կրկին կվերակառուցենք» օրացույցը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ճարտարապետների և ճարտարագետների ընկերակցության մասին գնահատանքի խոսք ասաց ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը: Նա մասնավորապես նշեց, որ լինելով համահայկական կառույց՝ ընկերակցությունը նպատակ ունի Սփյուռքի հայ համայնքների միջոցով «Կրկին կվերակառուցենք» օրացույցը հասանելի դարձնել հանրության լայն շրջանակներին՝ նպաստելով Հայոց ցեղասպանության մասին իրազեկության աստիճանի բարձրացմանը:
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ղեկավար Արեստակես Սիմավորյանը ներկայացրեց «Հայ կաթողիկե և ավետարանական համայնքները Թուրքիայում. ժամանակակից միտումներ» աշխատությունը, որտեղ լուսաբանվում են Թուրքիայի հայ կաթողիկե և ավետարանական համայնքների ծագումը, պատմական զարգացման ընթացքը և արդի գործընթացները: Փորձ է արվել վերհանել Թուրքիայի հայ կաթողիկե և ավետարանական համայնքների ներուժը՝ մարդկային, կազմակերպչական և այլ տեսանկյուններից: Անդրադարձ է կատարվել այդ համայնքների նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությանը, կրոնական անհանդուրժողականության խնդրին:
Արեստակես Սիմավորյանը ներկայացրեց նաև Հ.Զատիկյանի «Կարինի նահանգը 19-րդ դարի երկրորդ կեսին» աշխատությունը, որը ծավալուն անդրադարձ է նահանգի 19-րդ դարի երկրորդ կեսի սոցիալ-տնտեսական և քաղաքական կացությանը, նահանգի գավառների պատմությանը և ժողովրդագրությանը: Գրքին հատուկ կարևորություն են հաղորդում ժողովրդագրական աղյուսակները, տեղագրական և ժողովրդագրական հարուստ նյութը:
Միջոցառման ավարտին ներկաները դիտեցին Արա Երնջակյանի «Խավարում» կարճամետրաժ ֆիլմը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: