
ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՄԵՆԱՄՅԱ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼ
Եվրասիական փորձագետների ակումբն առաջարկում է ամեն տարի «Երևանյան եվրասիական ընթերցումներ» անվանումը կրող համաժողով անցկացնել։ Նպատակն է ԵԱՏՄ երկրների տարբեր ոլորտների մասնագետների հետ քննարկել օրակարգային կարևոր հարցերն ու մշակել նորարարական առաջարկներ։Այդ մասին մարտի 21-ին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել են ակումբի անդամներ «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը և տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը։
«Այսօր ԵԱՏՄ-ում բոլորն են հասկանում, որ առանց հումանիտար համագործակցության, մարդկային կապերն ամրապնդելու, հորիզոնական ցանցեր ստեղծելու լոկ բիզնեսին ուղղված տնտեսական ինտեգրումը չի կարող ունենալ մեծ հեռանկար»,-ասել է Արամ Սաֆարյանը։ Նա նշել է, որ, ելնելով իր ինտելեկտուալ ռեսուրսներից, Հայաստանը կարող է հավակնել ԵԱՏՄ ներքո լինել այն հարթակը, որտեղ ամբողջ եվրասիական տարածքի հանրությունը, պետական, քաղաքական գործիչների ներգրավմամբ, կքննարկի իր մտահոգությունները, գաղափարները և կմշակի լուծումներ։ Առաջարկվում է ամեն տարվա սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին անցկացնել «Երևանյան եվրասիական ընթերցումներ» համաժողովը, որին կմասնակցեն ԵԱՏՄ տարածքի կրեատիվ մտածողություն ունեցող, նորարարական մոտեցումներով աչքի ընկած մտավորականներ, գիտնականներ, լրագրողներ և գործարարներ, կքննարկվեն եվրասիական ինտեգրման հեռանկարներին վերաբերող հարցեր։ Գագիկ Հարությունյանը նշեց, որ առկա աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում քիչ է խոսվում մարդկային կապիտալի կարևորության մասին։ Նա ընդգծեց նման նախաձեռնության հրատապությունը, առկա խնդիրների համակարգային գիտակցման կարևորությունը։ «Դա չպետք է կրի միջոցառման ձև, այլ պետք է լինի աշխատանքի սկիզբ։ Կարող է լինել աշխատանքի ցանցային հարթակ, որը կնպաստի համագործակցության արդյունավետության, ԵԱՏՄ անդամ երկրների բարեկեցության բարձրացմանը»,-նշել է Հարությունյանը։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նշել է, որ կարևոր է խորապես ճանաչել և գիտակցել սեփական ռեսուրսները, իսկ Հայաստանն այս առումով ունի բացառիկ ներուժ։ «ԵԱՏՄ-ում խաղի կանոնների մշակման փուլն է, որին պետք է հաջորդի կամ զուգահեռ ընթանա օրակարգի ձևավորման փուլը։ Մենք չպետք է սպասենք մինչև մեզ հրամցվի օրակարգը, Հայաստանն ինքը պետք է հստակ օրակարգ ձևավորի»,-ասել է Մանասերյանը։ Նա հատկապես կարևորել է այն հանգամանքը, որ այդ գործընթացում հնարավոր կլինի օգտագործել ոչ միայն Հայաստանի, այլ ողջ հայության ինտելեկտուալ ներուժը։ Քննարկվել են նաև ԵԱՏՄ միասնական արժույթի ստեղծման, միության հեռանկարների հարցերը։ Ինչպես նշել են փորձագետները, միասնական արժույթի ստեղծմանը պետք է նախորդեն մի շարք գործընթացներ և փուլեր, որոնք բավական երկար ժամանակ կպահանջեն։ Միասնական արժույթը մոտ ապագայի հարց չէ, հայտարարել է տնտեսագետ Մանասերյանը։ Անդրադառնալով եվրաինտեգրման և ԵԱՏՄ անդամակցության համադրելիության հարցին՝ Արամ Սաֆարյանը նշել է, որ «մենք պետք է կարողանանք համատեղել այդ երկու վեկտորները, հակառակ դեպքում լուրջ հարվածներ կկրենք»։ Թաթուլ Մանասերյանն, իր հերթին, հավելել է, որ «Բրյուսելի և Մոսկվայի մոտ ըմբռնում է նկատվում Հայաստանի հարցում։ ԵՄ-ի հետ մեր կապերը դինամիկ զարգանում են, և մենք պարտավոր ենք դիվերսիֆիկացնել արտաքին տնտեսական կապերը և կախվածություն չստեղծել»։ Ասուլիսի ընթացքում ընդգծվել է, որ Հայաստանը, զիջելով տնտեսության չափերով ԵԱՏՄ մյուս երեք երկրներին, միաժամանակ, ունի լուրջ ինտելեկտուալ ներուժ և մարդկային կապիտալ, կարող է ներդրում ունենալ ԵԱՏՄ զարգացման, օրակարգի ձևավորման հարցում և ամրապնդել իր դիրքերը։
http://armedia.am/arm/news/15175/arajarkvum-e-erevanum-amenamya-evrasiakan-hamazhoxov-anckacnel.html