• am
  • ru
  • en
«21-й ВЕК», №4, 2018 30.11.2018

«21-й ВЕК», №4, 2018

Լույս է տեսել «21-й ВЕК» ամսագրի 2018թ. 4-րդ համարը, որում տեղ են գտել հոդվածներ՝ նվիրված Եվրասիական ինտեգրման տարբեր ասպեկտներին (Գ.Հարությունյան, Ա.Սաֆարյան, Վ.Էլիզբարյան), «պետություն-սփյուռք» փոխհարաբերությունների ձևերին և բովանդակությանը (Ա.Հովհաննիսյան, Ա.Սիմավորյան), հայկական «թավշյա հեղափոխությանը» և ներքաղաքական բողոքների տիպաբանությանն ու առհասարակ ժողովրդական կամարտահայտմանը (Դ.Ստեփանյան, Ա.Մարտիրոսյան, Տ.Քոչարյան, Ծ.Մակարյան), ինչպես նաև պատմական որոշ իրողությունների (Դ.Բաբայան, Լու Վեյ)։


Բաժանորդագրություն և online-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html


Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71



 ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

Գագիկ Հարությունյան

Ամփոփագիր

Եվրասիական ինտեգրացիան հարուստ նախապատմություն ունի, և ավելորդ չէ հիշել, որ դեռևս 20-րդ դարի երկրորդ կեսին այդ ինտեգրման տրամաբանությանն էր ենթարկվում վիթխարի մի տարածք՝ Բեռլինից մինչև Պեկին, ինչն իր հերթին հանդիսանում էր ցարական դարաշրջանի Ռուսական կայսրության քաղաքակրթական և աշխարհաքաղաքական ավանդույթների շարունակությունը։ Մեր ժամանակներում ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում ինտեգրվելու գործընթացի արդյունավետությունն ապահովելու համար հարկավոր է ոչ միայն օգտագործել պատմական փորձը, այլև կիրառել նոր, արդի հիբրիդային իրողություններին ադեկվատ քաղաքական և հումանիտար տեխնոլոգիաներ։ Այս համատեքստում խիստ կարևոր է օգտագործել գաղափարախոսական ռեսուրսը՝ այն ներկայացնելով, Վ.Յանկոյի ձևակերպման համաձայն, որպես «հրահանգների համալիր, որն ապահովում է ընթացող գործընթացների գործառության և փոխկապվածության ամենաարդյունավետ ռեժիմը»։ Ինչպես ցույց է տալիս համեմատական վերլուծությունը, իրենց զարգացման մեջ ամենաշատ արդյունքներ ստացել են այն երկրները, որոնք կարողացել են իրենց հասարակություններում ներդնել «գաղափարախոսությունների տրիադան»՝ կազմված սոցիալիստական, լիբերալ և ազգային-պահպանողական գաղափարախոսություններից։ Հոդվածում առաջարկվում է օգտագործել սույն օրինաչափությունը եվրասիական ինտեգրումն օպտիմիզացնելու նպատակով։ Նաև ցույց է տրված, որ ազգային-պահպանողական գաղափարախոսության հետ կապված հարցերը զուգակցվում են քաղաքակրթական պատկերացումների հետ, որոնք կարևոր դեր են խաղում ինտեգրացիոն գործընթացներում, մասնավորապես՝ այլ երկրների հետ դաշնակցային հարաբերություններ հաստատելիս։ Միևնույն ժամանակ, աշխատանքի արդյունավետությունն ինչպես գաղափարախոսական, այնպես էլ քաղաքակրթական ուղղություններով հիմնականում որոշվում է գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացմամբ, որը հանդիսանում է կրիտիկական ենթակառուցվածք եվրասիական ինտեգրացիոն գործընթացում։

ԵԱՏՄ ԵՎ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՐԺԵՔԱՅԻՆ ՈՒՂԵՆԻՇՆԵՐԻ ՈՐՈՇ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

Արման Սաֆարյան

Ամփոփագիր

Հետխորհրդային երկրների հասարակությունների, գիտակրթական համակարգերի և համապատասխան կառույցների առջև ծառացել է արժեքային ուղենիշների ընտրության հիմնահարցը` փոխկապակցված ազգային և կրոնական ավանդույթների, մշակութային դասական ժառանգության, գրականության և արվեստի ժամանակակից գործընթացների վերարժևորմանը, խորհրդային պատմամշակութային ֆենոմենների, «սոցիալիստական և կապիտալիստական» արժեքների վերիմաստավորմանը, գաղափարախոսական կաղապարների հաղթահարմանը, միջկրոնական ու միջմշակութային երկխոսության ծավալմանը, կոնկրետ տեսական հիմնադրույթների «ադապտացիային և աբսորբցիային», կրթության և դաստիարակության որոշ (անհատական) ալգորիթմների մշակմանը:

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Վանիկ Էլիզբարյան

Ամփոփագիր

Եվրասիական տնտեսական ընկերակցությունը, որպես տնտեսական ուղղվածության միջազգային կազմակերպություն, բաց է բոլոր պետությունների համար, որոնք համաձայն են կազմակերպության հիմնադրման համաձայնագրից բխող պարտավորություններին։ Այսպիսով, կասկած չի հարուցում, որ ընկերակցությունում ընթացող ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացումը կհանգեցնի Եվրասիական տնտեսական ընկերակցության իրավավիճակի և կառուցվածքի փոփոխության, և ընկերակցության բարձրագույն մարմնի իրավական գործունեության բազմաթիվ խնդիրներ կվերանան։ Հետխորհրդային տարածքում ինտեգրման և ապաինտեգրման գործընթացների արդյունքը կազմված է բազմաթիվ գործոններից և կախված է շուկայական բարեփոխումների արդիականացումից։

ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ

Դավիթ Բաբայան

Ամփոփագիր

Անդրկովկասի միացումը Ռուսաստանին կարևոր աշխարհաքաղաքական իրադարձություն էր համաշխարհային քաղաքականությունում։ Հաշվի առնելով տարածաշրջանի կարևորությունը և գլոբալ ու տարածաշրջանային տերությունների չդադարող պայքարը դրա համար՝ Ռուսաստանը նախաձեռնել է արտաքին սպառնալիքների և մարտահրավերների չեզոքացման համալիր քայլեր։ Այս համատեքստում իրականացվել է նաև համապատասխան վարչատարածքային քաղաքականություն, որն ազգային-պատմականից վերածվել է տարածքային-աշխարհագրականի։

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ ՄԻԱՆՁՆՅԱ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԿՈԼԵԳԻԱԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Լու Վեյ

Ամփոփագիր

Խորհրդային և չինական բանակները պետական ապարատներ էին, որոնք ղեկավարվում էին պրոլետարիատի կուսակցությունների կողմից։ Խորհրդային բանակի հրամանատարական համակարգը որոշակի ժամանակաշրջանում տատանվել է միիշխանության ինստիտուտի և կուսակցության ղեկավարության ներքո հրամանատարի լիազորությունների և պատասխանատվության բաշխման համակարգի միջև, բայց վերջնարդյունքում ընտրվել և կիրառվել է միանձնյա իշխանությունը բանակում։ Այն պատճառով, որ Չինաստանը պետականաշինության սկզբնական փուլում համակողմանիորեն փոխառում էր ԽՍՀՄ փորձը, չինական բանակը ժամանակին խորհրդային բանակից փոխ առավ նաև միանձնյա իշխանության ինստիտուտը, բայց հաշվի առնելով Չինաստանի հասարակական-քաղաքական իրադրությունը՝ ՉԿԿ Կենտրոնական կոմիտեն, այնուամենայնիվ, որոշեց հրաժարվել միանձնյա իշխանության ինստիտուտից՝ հօգուտ կուսակցության ղեկավարության ներքո հրամանատարի լիազորությունների և պատասխանատվության բաշխման համակարգի (կոլեգիալության)։

ՍՓՅՈՒՌՔԸ՝ ՉԺՀ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԵԶԵՐՎ

Անդրանիկ Հովհաննիսյան

Ամփոփագիր

Սույն հոդվածը նվիրված է աշխարհի երկու խոշորագույն և հնագույն՝ հայկական և չինական սփյուռքերին։ Տևական ժամանակ էթնիկ սփյուռքերը շարունակում են կարևոր դեր խաղալ պատմական հայրենիքի կայացման և զարգացման գործում։ Բայց ինչպե՞ս է, որ որոշ պետությունների հաջողվում է օգտագործել սփյուռքի ռեզերվը երկրի արդիականացման նպատակով, իսկ որոշ պետությունների՝ ոչ։ Առաջադրված հարցին պատասխանելու համար հեղինակը փորձել է հայկական և չինական սփյուռքերի աֆորիստիկ համեմատականհամադրական վերլուծություն կատարել։

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՍՓՅՈՒՌՔ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐ

Արեստակես Սիմավորյան

Ամփոփագիր

Վերջին տարիներին Ադրբեջանը, ելնելով ռազմավարական անհրաժեշտությունից, ակտիվացնում է կապերը սփյուռքի հետ՝ այն դիտարկելով որպես սեփական երկրի զարգացման այլընտրանքային ռեսուրս և արտաքին քաղաքականությունում հնարավոր «գործընկեր», փորձելով նրա օգնությամբ ամրապնդել իր միջազգային հեղինակությունը։ Ադրբեջանն իր սփյուռքյան քաղաքականությունում, այլ ուղղությունների կողքին (թուրք-ադրբեջանական համագործակցություն և այլն), փորձում է ընդլայնել և զարգացնել կապերը սփյուռքի, մասնավորապես՝ նրա գիտական բաղադրիչի հետ՝ հետապնդելով հեռահար նպատակներ։ Արտերկրյա համայնքներում սեփական լրատվամիջոցների ստեղծումը, տեղեկատվական ռեսուրսների հարստացումն ինտերնետում նույնպես կարևոր տեղ են զբաղեցնում Ադրբեջանի պետական քաղաքականությունում։ Հոդվածում լուսաբանվել են այդ քաղաքականության առանձնահատկությունները, ոլորտի խնդիրներն ու ռազմավարական նպատակները, համագործակցության մեխանիզմները և այլ հարցեր։

«ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՎԻՇԸ»՝ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼ

Դավիթ Ստեփանյան

Ամփոփագիր

Հոդվածում փորձ է արվել իմաստավորել սփյուռքյան գաղթօջախների հետ Հայաստանի հարաբերությունների ընթացիկ վիճակը։ Վերլուծվել են այդ հարաբերությունների խնդիրները և դրանց ծագման պատճառները։ «Թավշյա հեղափոխության» արդյունքում Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության և դրան հաջորդած՝ Սփյուռքի հետ հարաբերությունների ամրապնդման ուղեգծի համատեքստում վերլուծվել են օրակարգի արմատական փոփոխությունների նախադրյալները և այդ հարաբերությունների գլխավոր փիլիսոփայությունը։

ՆՈՐ ՀԱՅԵՑԱԿԵՏԵՐ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՈՂՈՔՆԵՐԻ ԽՆԴՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ (քաղաքական բռնության զարգացման ոչգծային հայեցակարգ)

Արման Մարտիրոսյան

Ամփոփագիր

Սոցիալ-հոգեբանական հարաբերությունների ռեֆորմացիան ողջ աշխարհում տրամաբանական և համաշխարհային քաղաքականությունում անհրաժեշտություն է դարձրել բանակցություններն իշխանությունների և ընդդիմության միջև։ Ընդ որում, չի կարելի ընդդիմադիր շարժման զարգացումը շատ երկրներում, մասնավորապես, հետխորհրդային տարածքում, դիտարկել սոցիալ-քաղաքական, տնտեսական, բարոյահոգեբանական, ժողովրդագրական, էթնիկական և այլ փոխակերպվող գործընթացների համատեքստից դուրս, որոնք, որպես հետևանք, ի հայտ եկան Խորհրդային Միության փլուզումից հետո և հանգեցրին ինչպես էթնիկական, այնպես էլ սոցիալ-տնտեսական բնույթի տարատեսակ անոմալիաների և տարբեր ընդդիմադիր դիմակայությունների ոչգծային զարգացման։ Հայաստանը չէր կարող մի կողմ մնալ և չենթարկվել հասարակական-քաղաքական բոլոր ազդեցություններին, որոնք տարբեր փոփոխությունների փոթորիկ են առաջացրել ամբողջ աշխարհում, մարդկային համակեցության բոլոր ոլորտներում։

ՀԱՆՐԱՔՎԵՆ ՈՐՊԵՍ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎ. ՀՀ ՓՈՐՁԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԱՎՈՐ ՄԻ ՇԱՐՔ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԻ ՀԵՏ

Տիգրան Քոչարյան, Ցիալլա Մակարյան

Ամփոփագիր

Հոդվածում հանրաքվեի ինստիտուտը վերլուծվում է որպես ժամանակակից ժողովրդավարական պետություններում անմիջական ժողովրդավարության ամենատարածված ձևերից մեկը: Ընտրությունները դիտարկելով որպես ՀՀ–ում անմիջական ժողովրդավարության ձև և ընդգծելով ժողովրդավարական ընտրությունների ոլորտում մի շարք եվրոպական չափորոշիչները՝ եզրահանգում է արվում, որ հայկական իրականության մեջ դիտարկվում են որոշ բացասական գործոններ՝ կապված ընտրական օրենսդրությունում, ներառյալ հանրաքվեի ինստիտուտին վերաբերող հարցերում միջազգային ստանդարտներով պայմանավորված կայունության ապահովման հետ:





   

EnglishРуский