• am
  • ru
  • en
«21-րդ ԴԱՐ» N 5, 2018 29.11.2018

«21-րդ ԴԱՐ» N 5, 2018


Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2018թ. 5-րդ համարը, որում տեղ են գտել հոդվածներ Նախիջևանի խնդրի (Գ.Հարությունյան), Ղարաբաղյան հակամարտության կարգավորման (Հ.Փաշայան, Լ.Բալայան), ուսանողների շրջանում պատմական հիշողության (Ս.Մանուկյան), ՀՀ ազգային անվտանգությանն սպառնացող կիբեռմարտահրավերների (Ն.Աղայան), հայերենի կարգավիճակի հարցին վրացական մամուլի արձագանքների (Վ.Սարգսյան), աշխարհակարգի չինական պատկերացման (Լ.Անանյան) և այլ թեմաների վերաբերյալ։


Բաժանորդագրություն և online-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html


Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71


ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ

Գագիկ Հարությունյան

Ամփոփագիր

Նախիջևանի շուրջ ընթացող աշխարհաքաղաքական զարգացումներին մասնակցում են աշխարհաքաղաքական խոշոր դերակատարներ, և այդպիսով այդ զարգացումները ենթարկվում են գլոբալ հարթությունում իշխող բարդությունների տրամաբանությանը։ Այդ համատեքստում Հայաստանին ուղղված մարտահրավերներին արդյունավետ արձագանքելը ենթադրում է ժամանակային և տարածական «տրիադաների» կանոնների վրա հիմնված վերլուծաբանական համալիր մեթոդների կիրառում։ Հոդվածում զուգահեռներ են տարվում 1918-1920թթ. գործընթացների և արդի իրողությունների միջև։ Փաստվում է, որ այսօր ադրբեջանական կողմը կարողացել է Նախիջևանը վերածել տնտեսապես զարգացող և սպառազինված մարզի, որը լրջորեն վտանգում է ՀՀ անվտանգությունը։ Առկա սպառնալիքներին արդյունավետ արձագանքելը, մասնավորապես, թելադրում է հիմնավորված կանխատեսումներ կատարելու մեթոդների յուրացում և հնարավոր սցենարներին պատրաստվելու քաղաքական-վերլուծաբանական մշակույթի ձևավորում։

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ

Հրայր Փաշայան, Լիանա Բալայան

Ամփոփագիր

Ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող արդի զարգացումների համատեքստում հոդվածում քննարկվում են «հակամարտության կողմեր» հասկացության իրավաքաղաքական կարգավիճակի, հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացից պաշտոնական Ստեփանակերտի դուրս մնալու և հիմնախնդրի կարգավորմանը խոչընդոտող հարցերը: Ցույց է տրվում, որ բացի Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումից, հակամարտության կարգավորման խոչընդոտները վերացնելու նախապայմաններից մեկն էլ հիմնախնդրի տարբեր ասպեկտներին տիրապետող մասնագետների պատրաստումն ու նրա իրական կերպարը միջազգային հանրությանը ներկայացնելն է:

XX ԴԱՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ

Սամվել Մանուկյան

Ամփոփագիր

Հոդվածում անդրադարձ է կատարվել ԵՊՀ ուսանողության աշխարհայացքում պատմական հիշողության մի քանի էական բաղադրիչների բնույթի ընդհանուր նկարագրին։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ԵՊՀ ուսանողության շրջանում Հայաստանի XX դարի պատմական հիշողությունը նշանակալիորեն խարխլված է։ Խարխլված է նաև Հայաստանի պատմության երկու կարևոր համատեքստերի՝ ԽՍՀՄ և Երկրորդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ հիշողությունը։ Շեղված է նաև Հայաստանի XX դարի պատմության կարևորագույն համատեքստը՝ ԽՍՀՄ-ը որպես քաղաքակրթական և աշխարհաքաղաքական Մեծ տարածք, որի կազմում Հայաստանը հասել է իր պատմության առնվազն վերջին 1000 տարիների համար ամենամեծ տնտեսական, գիտական, կրթական և մշակութային հաջողություններին։

ԿԻԲԵՌՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ` ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ

Նանա Աղայան

Ամփոփագիր

Հետարդիական տեղեկատվական դարաշրջանում պետությունների միջև տեղի ունեցող հակամարտությունները հաճախ շեղվում են ավանդական ռազմական բնույթից` կրելով բոլորովին նոր ձև ու բովանդակություն՝ տնտեսական, տեղեկատվական, հոգեբանական, վիրտուալ պատերազմների և մրցակցության տեսքով: Հետևաբար, փոփոխվել են նաև ազգային անվտանգության ավանդական ընկալումներն ու մոտեցումները: Դասական ռազմական գործողություններին փոխարինող ներազդման արդի ձևերի, միջոցների, մեթոդների կիրառումը նոր սպառնալիքներ ու մարտահրավերներ է առաջացնում պետությունների անվտանգության համար: Հետազոտության մեջ փորձ է արվում ներկայացնել Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգի առջև ծառացած արտաքին սպառնալիքները, որոնցից են ահաբեկչության տարբեր դրսևորումները, հատկապես կիբեռահաբեկչությունը, ղարաբաղյան հակամարտության համատեքստում Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի վարած հիբրիդային պատերազմի մարտավարությունը: Նշվում է պետության կողմից դրանց դիմակայելու և հակազդելու համար հզոր անվտանգային համակարգ ստեղծելու կարևորությունը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԼՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Վահրամ Հովյան

Ամփոփագիր

Հայությունը Թուրքիայում կանգնած է մի շարք լուրջ մարտահրավերների առաջ, որոնցից է հայկական կալվածքների և պատմամշակութային ժառանգության խնդիրը։ Թեև վերջին տարիներին որոշ արդյունքներ գրանցվել են բռնագրավված եկեղեցական գույքի վերադարձման ուղղությամբ, սակայն այս հարցում վիճակը հեռու է բարվոք լինելուց, ինչն իր հերթին բացասաբար է անդրադառնում համայնքային կառույցների, մասնավորապես, կրթական հաստատությունների գործունեության վրա՝ միաժամանակ պատճառ դառնալով համայնքի ներսում հակասությունների և պառակտման միտումների խորացման։ Հայկական պատմամշակութային ժառանգության հարցում Թուրքիան հիմնականում ցուցաբերում է տնտեսագիտական մոտեցում՝ վերականգնելով և զբոսաշրջության զարգացման նպատակով որպես թանգարանային նմուշ օգտագործելով հայկական եկեղեցիները։ Իսկ այն հուշարձանները, որոնք զբոսաշրջության տեսակետից հետաքրքրություն չեն ներկայացնում, դիտավորյալ կամ պետության լռելյայն համաձայնությամբ շարունակում են ոչնչացվել, վաճառվում են մասնավոր անձանց, օգտագործվում այլ նպատակներով, պատկան մարմինների անտարբերության հետևանքով հայտնվում անմխիթար վիճակում։

ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ. ՍՄԲԱՏ ՍՊԱՐԱՊԵՏ

Թաթուլ Մանասերյան

Ամփոփագիր

Սմբատ Սպարապետը պատկառելի ավանդ ունի պատմական Հայաստանի տնտեսական դիվանագիտության ձևավորման, պետական կառավարման համակարգի և դրա ինստիտուցիոնալ հիմքերի կայացման գործում: 13-րդ դարի ականավոր պետական գործչի, մեծանուն զորավարի և մտավորականի մշակած օրենսդրական բազմաթիվ դրույթներ կիրառվել են ինչպես հարևան երկրներում, այնպես էլ Եվրոպայում՝ հետագայում հիմք հանդիսանալով ազգային օրենսդրությունների համար: Սմբատ Սպարապետի գործունեության համառոտ անդրադարձն անգամ էական է հայ ինքնության անաչառ գնահատման, ինքնաճանաչման և ժամանակակից մարտահրավերներին պատմության փորձությունն անցած մոտեցումները վերարժևորելու տեսանկյունից:

ՀԱՅԵՐԵՆԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԽՆԴՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՎՐԱՑԱԿԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ

Վահե Սարգսյան

Ամփոփագիր

Ջավախքում հայերենը՝ որպես տեղի ազգաբնակչության մայրենի լեզու, մինչ օրս չունի իրավական կարգավիճակ: Չնայած այն հանգամանքին, որ հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակի տրամադրման անհրաժեշտությունն ամրագրված է ինչպես ջավախահայության` Վրաստանի իշխանություններին ներկայացվող պահանջների մեջ, այնպես էլ միջազգային (եվրոպական) իրավունքում, այդուհանդերձ, Վրաստանի ղեկավարությունն այդ հարցում ունի ժխտողական կեցվածք: Վրաստանը չի վավերացրել նաև «Տեղաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների խարտիան» (Ստրասբուրգ, 05.11.1992): Վրաստանի ղեկավարության նշյալ ժխտական դիրքորոշումը լիարժեք պաշտպանում են նաև վրաց հասարակական-քաղաքական մտքի ներկայացուցիչները, ովքեր ծայրահեղ քննադատության են արժանացրել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` հայերենը Վրաստանում մարզային լեզու ճանաչելու անհրաժեշտության մասին 2009թ. սեպտեմբերյան հայտարարությունը:

ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՉԻՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

Լիանա Անանյան

Ամփոփագիր

Հետազոտությունը նվիրված է աշխարհակարգի չինական աշխարհայացքային պատկերացման հարցին։ Ներկայացվում են չինական փիլիսոփայական հիմնական ուղղությունները, որոնք չինական աշխարհընկալման համար դարձել են հիմք քաղաքական մտքի և իդեալների ձևավորման հարցում։ Ուսումնասիրության առարկա են հանդիսացել հատկապես փիլիսոփայական երեք հիմնական ուղղություններ, որոնք չինական քաղաքական մտքի ձևավորման գործում կարևորագույն տեղն ունեն։ Լուսաբանվել են դաոիզմի, կոնֆուցիականության և լեգալիզմի յուրահատկությունները։ Անդրադարձ է կատարվել նաև չինարեն մի շարք եզրույթների բացատրությանը՝ առավել ակներև դարձնելու համար չինական աշխարհակարգի ընկալման առանձնահատկությունները։

ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵԱՏՄ-ՈՒՄ

Արամ Լ. Թավադյան

Ամփոփագիր

Հոդվածում ներկայացված են հարկային օրենսդրության ուղղակի և անուղղակի հարկերը ԵԱՏՄ երկրներում: Վերլուծված են միության պետությունների անուղղակի հարկերի հարկման և համաձայնեցման սկզբունքները: Նշված են հարկային համակարգի բարելավման որոշակի հնարավորությունները Հայաստանում:

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ. ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻ ԵՎ ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Իրինա Բարսեղյան-Կրպեյան

Ամփոփագիր

Ղարաբաղյան շարժման ակունքներում կանգնած, Ղարաբաղյան պատերազմի մասնակից, Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանության կազմակերպիչ և ընդհանուր հրամանատար, հետմահու Հայաստանի ազգային հերոս, «Հայրենիք» շքանշանի ասպետ (20. 02. 1996թ.) Թաթուլ Կրպեյանը «Միացում» հասարակական կազմակերպության անդամ էր, որի հիմնադիրն էր Ղարաբաղյան շարժման և «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր Իգոր Մուրադյանը։ Գաղափարական, քաղաքական, ռազմական սերտ համագործակցությունից բացի նրանց միջև ձևավորվել էին ջերմ բարեկամական հարաբերություններ, որոնց մասին հիշողությունները հրապարակվում են առաջին անգամ։


   

EnglishРуский