
«21-րդ ԴԱՐ» N 1, 2018
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2018թ. 1-ին համարը։
Հոդվածագիրներն անդրադարձել են Անդրկովկասում ազգամիջյան հարաբերությունների, կազմակերպական զենքից պաշտպանվելու հիմնահարցերին, միջազգային ֆինանսական համակարգի կառուցվածքային անհամամասնություններին, Իրանում հայկական երաժշտական մշակույթի պահպանման խնդիրներին։ Արծարծվել են նաև ուշագրավ այլ թեմաներ։
Բաժանորդագրություն և online-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html
Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html
Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71
ԱԶԳԱՄԻՋՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ
Սամվել Մանուկյան Ամփոփագիր
Ներկայում ազգային անվտանգության հարցերը դիտարկում են տարբեր հայեցակարգերի, այդ թվում նաև կրիտիկական ենթակառուցվածքների հայեցակարգի շրջանակում։ Հոդվածում Անդրկովկասի երկրների պետականակերտ և էթնիկ փոքրամասնությունների կողմից տարբեր էթնոսների նկատմամբ սոցիալական տարածությունների ընկալումների պրոֆիլները դիտվել են որպես տվյալ պետության և Անդրկովկասի՝ որպես ամբողջության համար կրիտիկական ենթակառուցվածքներ։ Ներկայացված է Անդրկովկասի երեք երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում պետականակերտ և այլ էթնոսների ու էթնիկ հանրույթների կողմից ընկալվող սոցիալական տարածությունների ուսումնասիրությունը մի շարք էթնոսների և էթնիկ հանրույթների նկատմամբ։
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ԱՐԾԱՐԾՈՒՄԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ (մաս 1)
Վահե ՍարգսյանԱմփոփագիր
Վրաստանն աշխարհի այն պետություններից է, որը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հետխորհրդային Վրաստանի պատմության մեջ առանձնացվում է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի արծարծման երկու պայմանական փուլ: Առաջին փուլը երկրի անկախության առաջին տասնամյակի շրջանն էր, որի ընթացքում վրաց հասարակական-քաղաքական և պետական օղակներում այդպես էլ քննարկման չարժանացավ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը: Երկրորդ պայմանական փուլը սկսվում է 2000 թվականից, երբ Վրաստանի հայաշատ վայրերում բացվեցին հիշատակի կոթողներ, իսկ 2002թ. ապրիլի 24-ին Վրաստանի խորհրդարանում հայազգի պատգամավոր Հ.Մովսիսյանը գործնականում առաջին անգամ խոսեց Հայոց ցեղասպանության մասին և առաջարկեց խորհրդարանականներին մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը: Այս ամենով հանդերձ` ինչպես ջավախահայությունը, այնպես էլ Թիֆլիսում և Վրաստանի այլ հայաշատ վայրերում ապրող հայությունը մշտապես նախաձեռնել է հիշատակի միջոցառումներ և հանդես եկել Հայոց ցեղասպանությունը պետականորեն ճանաչելու և դատապարտելու պահանջով:
Հայոց ցեղասպանության խնդիրն արծարծվել է նաև վրացական վրացալեզու տպագիր մամուլում: Ներկա աշխատանքում քննության են առնվել 21-րդ դարի առաջին տասնամյակի վրացալեզու տպագիր մամուլի նյութերը, ներկայացվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ վրաց հասարակական-քաղաքական մտքի տարաբնույթ տեսակետները, կարծիքները և մեկնաբանությունները:
ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ
Սուրեն ՄարտիկյանԱմփոփագիր
Գրեթե միշտ, իսկ վերջին ժամանակներս հատկապես, նախքան հակամարտությունը սկսելը հակառակորդին ներսից թուլացնելն իրականացվում է հակառակորդի վրա հետախուզական, պրոպագանդիստական, հոգեբանական, տեղեկատվական և այլ ազդեցության (այսպես կոչված «կազմակերպական զենքի») կիրառումով, որը համաձայնեցված է լինում նպատակներով, տեղով ու ժամանակով: Այս համակարգը հակառակորդին հարկադրում է շարժվել ակտիվ կողմի համար ձեռնտու հունով:
Կազմակերպական զենքի հիմքն են կազմում կազմակերպական ղեկավարման հատուկ ռեֆլեքսային տեխնոլոգիաները կամ նոր կազմակերպական տեխնոլոգիաները (ՆԿՏ): Հոդվածում ուշադրության են արժանացել դրանց առավել հաճախ կիրառվող մոդելները և դրանցից պաշտպանվելու հիմնահարցը:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԱՆՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Դավիթ ՀախվերդյանԱմփոփագիր
Գոյություն ունեցող ֆինանսական համակարգը կապված չէ որևէ ուղենիշի հետ, իսկ դրամավարկային քաղաքականությունը նախկինի պես ուղղված է տնտեսության ակտիվ խթանմանը: Ակնհայտ է, որ աշխարհում գոյություն չունեն ճգնաժամի առաջացման դեպքում միջազգային իրացվելիության բավարար աղբյուրներ: Այն, ինչն այսօր համարվում է միջազգային արժութային համակարգ, իրականում համակարգ չէ, քանի որ նրանում բացակայում են կանոնները: Միջազգային արժութային համակարգի գոյության վերաբերյալ բոլոր խոշոր երկրների կամավոր համաձայնությունը, որը բոլորի վրա պարտավորություններ կդներ, կարող էր էական դեր ունենալ գլոբալ անհավասարակշռությունների հետ կապված վտանգների նվազեցման հարցում: Սակայն ինքնիշխան երկրների քաղաքական կամքի կենտրոնացումը նոր գլոբալ համակարգի մշակման ուղղությամբ, որը կհամապատասխաներ նրանց երկարաժամկետ հետաքրքրություններին, ավելի դժվար կլինի:
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ՄԻ ՔԱՆԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆՆԵՐ
Համլետ ԶաքարյանԱմփոփագիր
Հեղինակը վերլուծում է տնտեսական անվտանգության հետ առնչվող խնդիրներ և մեր երկրի տնտեսության զարգացման մի քանի հրատապ հարցեր: Քննարկվում է տնտեսության ստվերային հատվածի կրճատման և տնտեսական շրջանառության դոլարացման ու դոլարի գերակայությունների հստակ ըմբռնման հարցը՝ մանավանդ արտաքին տնտեսական հաշվարկների ոլորտում: Շեշտվում են ապօրինի ճանապարհով երկրից դուրս բերվող գումարների անթույլատրելիությունը, տնտեսական անվտանգության նոր օրենքի և օրենսդրական դաշտի հետագա բարեփոխումների անհրաժեշտությունը:
Հոդվածագիրն անդրադառնում է հիմնարար այնպիսի հարցի, ինչպիսին է մեր երկրի պետական պարտքի ահագնացումը, հղում է արվում մասնավոր տրանսֆերտների ծավալների վերաբերյալ տվյալներին: Անդրադարձ է կատարվում նաև ՀՀ կառավարության նոր ծրագրին, ընդգծվում է տնտեսական զարգացմանը խոչընդոտող քաղաքական պատճառների ու մենաշնորհների վերացման անհրաժեշտությունը:
Կարևորվում է զբաղվածության խնդրի, գործազրկության աճի միտումների և նոր աշխատատեղերի ստեղծման, դրամավարկային քաղաքականության մի քանի արդիական հարցերի լուծման կարևորությունը:
ԿԱՐՄԻՐ ԾՈՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ
Հայկ ԳաբրիելյանԱմփոփագիր
Թուրքիան վերջին տարիներին վարում է նեոօսմանյան քաղաքականություն, որի բաղադրիչներից մեկը դարձավ «ռազմակայանային» քաղաքականությունը, այն տարածքներում իր ռազմական ներկայության հաստատումը, որոնք նախկինում մտել են Օսմանյան կայսրության կազմի մեջ։ Թուրքիան այդ քաղաքականության շրջանակներում արդեն ռազմական ներկայություն է հաստատել Սոմալիում և Կատարում, այժմ փորձելու է ռազմակայան (ռազմածովային բազա) հիմնել Սուդանում։ Հոդվածում ներկայացվում է Կարմիր ծովի տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը, վերլուծության են ենթարկվում այն գործոններն ու դրդապատճառները, որոնք Թուրքիային կմղեն ռազմակայան հիմնել Սուակին կղզում, և այն օգուտները, որոնք նա կարող է ստանալ դրանից։
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ, ԳՈՅԱՏԵՎՈՒՄԸ ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Մարիամ ՍաժեշԱմփոփագիր
Տարբեր հասարակությունների մշակույթը սոցիոլոգիական գիտությունների, հատկապես հասարակագիտության ուսումնասիրության գլխավոր թեմաներից է։ Գիտնականներն առաջադրել են տարբեր մոտեցումներ և սահմանումներ, քանի որ մշակույթն արտացոլում է տարբեր հասարակարգերում ապրող մարդկանց նկարագիրը և ինքնությունը: Տարբեր ինքնություններ ներառում և արտահայտում են տարբեր հատկանիշներ, այս տարբերություններն են յուրաքանչյուր մշակույթի գոյատևման գաղտնիքը, որով և գոյատևում է հասարակությունը: Մշակութային սիմվոլներն ու բաղադրիչները յուրաքանչյուր հասարակության կարևոր հիմնասյուներն են: Այդ բաղադրիչների շարքում իր ուրույն տեղն ունի երաժշտությունը: Մշակույթի պահպանման և փոխանցելու համար պետք է կենտրոնանալ դրա բաղադրիչների վրա: Հոդվածում լուսաբանվում են երաժշտության տեղն ու դերը մշակույթի պահպանման և գոյատևման գործում:
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՍԻ ԾԻՆՓԻՆԻ ՊԼԱՆԸ
Լիաննա ԱնանյանԱմփոփագիր
Հոդվածում համառոտ անդրադարձ է կատարվել ՉԿԿ 19-րդ համագումարին և Սի Ծինփինի (ՉԺՀ նախագահ, ՉԿԿ գլխավոր քարտուղար, ՉԿՌԽ նախագահ) նախատեսումներին աշխարհակարգի փոփոխության վերաբերյալ։ Ներկայացվել են հատվածներ Ս.Ծինփինի ելույթից, հատկապես աշխարհակարգի վերաբերյալ։ Ուսումնասիրության առարկա են հանդիսացել Սի Ծինփինի «անհասցե հորդորները», «Չինաստանի արդիականցումը», «նոր դարաշրջանի համար չինական յուրահատկությամբ սոցիալիզմը» և այս ամենի իրականացումն «առանց ռազմական ուժի կիրառության»՝ «առաջնայնությունը» տալով Կոմունիստական կուսակցությանը։
Համառոտ համեմատություն է կատարվել աշխարհակարգի վերաբերյալ Սի Ծինփինի, Հու Ծինթաոյի, Դեն Սյաոպինի ընկալումների միջև։
ՇՈՏԼԱՆԴԻԱՅԻ ԱՆԿԱԽԱՑՄԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ ՈՐՊԵՍ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՕՐԻՆԱԿ
Աննա ԿարապետյանԱմփոփագիր
Շոտլանդիայի անկախացման հանրաքվեի անցկացման գործընթացն ինքնորոշման իրավունքի իրացման ժամանակակից օրինակ է։ Դրա դիտարկումը հատկապես կարևոր է կողմերի միջև կառուցողական երկխոսության տեսանկյունից, որը թույլ տվեց նույնիսկ իրավական անհրաժեշտ հիմքի բացակայության պարագայում ստեղծել այդ իրավական հիմքը և հարցը կարգավորել ժողովրդի կամարտահայտման միջոցով։ Հոդվածում դիտարկվել են անկախացման համար պայքարի ժամանակակից փուլը, կողմերի երկխոսությունն ու հանրաքվեի արդյունքներից բխող հետագա գործընթացը։ Հատուկ ուշադրություն է հատկացվել այդ գործընթացում դրսևորված քաղաքական մշակույթի առանձնահատկություններին։